«Ժառանգության» նախկին ֆրակցիայից յուրաքանչյուրը կարող է լինել նախագահի թեկնածու
«Ըստ էության, մեր նախկին ֆրակցիայից յուրաքանչյուր պատգամավոր կարող է այդ թեկնածուն լինել: Իրենց այս հինգ տարիների գործունեությունը միանշանակ ապացուցել է, որ իրենք պարտաճանաչ են, իրական բարեփոխումների կողմնակից են և թող բարձրագոչ չհնչի`և հայրենասեր են, և ժողովրդի մասին մտածող», - պատասխանելով «Առավոտի» հարցին` ո՞վ կարող է լինել «Ժառանգության» այլընտրանքային թեկնածուն, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը որոշի չառաջադրել իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, ասել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա կարծիքով` այժմ երկու հիմնական խնդիր կա` կառավարման համակարգի բարեփոխումներ և պետականության հիմքերի ամրապնդում. «Մեր նախկին ֆրակցիայից յուրաքանչյուր պատգամավոր այդ ուղղությամբ արդեն դրական հետք ունի թողած պատմության մեջ»: