Հունգարական ընդդիմությունն Օրբանին «բարոյապես սնանկ» է ճանաչել ու կոչ արել հրաժարական ներկայացնել
Հունգարիայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Աթիլա Մեստերազին սեպտեմբերի 11-ին հայտարարել է, թե երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը «բարոյապես սնանկ» է և պետք է հրաժարական ներկայացնի, քանի որ խոստովանել է, թե անձամբ է հավանության արժանացրել ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու որոշումը, նախապես իմանալով այդ քայլի հետևանքները: Այս մասին գրում է «Ասպարեզ» պարբերականը:
Աթիլա Մեստերազիի խոսքերով, արտգործնախարարի և արդարադատության նախարարի կողմից Օրբանին զգուշացվել էր հնարավոր հետևանքների մասին, սակայն վերջինս գործել է «առանց մտածելու», և ինչի համար էլ պետք է անձամբ ստանձնի պատասխանատվությունը հրահրած սկանդալի համար:
Ընդդիմության ներկայացուցիչն այսպես մեկնաբանել է Վիկտոր Օրբանի հայտարարությունն այն մասին, թե «ոչինչ տեղի չի ունեցել ավելի, քան իրենք սպասում էին», նկատի ունենալով Սաֆարովի արտահանձման որոշմանը հաջորդած հայկական և միջազգային արձագանքները:
Տեղեկատվության համաձայն, Սաֆարովի արտահանձման հարցը իշխող կուսակցության նախաձեռնությամբ նախօրեին հանվել է խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի օրակարգից, ինչը սոցիալիստների առաջնորդի գնահատմամբ, սխալ քայլ է, քանի որ խնդրով պետք է զբաղվեր հենց ազգային անվտանգությունը:
Հիշեցնենք, 2004 թ-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանելու համար ցմահ դատապարտված ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը սույն թվականի օգոստոսի 31-ին արտահանձնվեց Ադրբեջան, որտեղ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց ու ազատ արձակեց: Սաֆարովի արտահաձնման, ինչպես նաև ներման որոշումը լայնորեն դատապարտվեց միջազգային հանրության կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում