Վաշինգտոնը Մոսկվայի բանակցային նախաձեռնությունները ձախողված է համարում
«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, թե Ղարաբաղյան կարգավորման շրջանակներում նոր հանդիպումներն այս պահին իմաստազուրկ են, խոսում է այն մասին, որ Վաշինգտոնը Մոսկվայի բանակցային նախաձեռնությունները ձախողված է համարում», - այսօրվա ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ըստ բանախոսի` Սաֆարովին` Բաքու արտահանձնման մասին լուրը, թեև ցնցեց ամբողջ միջազգային հանրությանը, բացի դատապարտող հայտարարություններից` որևէ այլ քայլ չի արվել:
«Այսօր Արևմուտքը Ադրբեջանի հետ բազմաթիվ համատեղ ծրագրեր ունի, առաջին հերթին` էներգակիրների ոլորտում: Եվ եթե նույնիսկ հարաբերությունների որոշ սառեցում լինի, դրանից կօգտվի Ռուսաստանը», - ասաց նա:
Անդրադառանալով բանակցային գործընթացի վրա Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման ազդեցության հնարավորությանը, բանախոսը կարծիք հայտնեց, որ առաջին հերթին օդանավակայանի օգտագործումը կախված է Միջազգային ավիացիոն ընկերության դիրքորոշումից:
«Ստեփանակերտի օդանավակայանի բացումն Սաֆարովի արտահանձնման հետ որևէ կերպ կապելը սխալ է: Վերաբացման մասին մի քանի անգամ արդեն հայտարարվել էր, բայց տեխնիկական պատճառներով դա տեղի չէր ունեցել», - նշեց Ա.Մելիքյանը, հույս հայտնելով, որ սեպտեմբերի վերջում այն իրոք կգործարկվի: