Պաշտոնական Վաշինգթոնը Սաֆարովի հարցով կոչ է անում կատարել Հունգարիայի առջև ստանձնած պարտավորությունները
Միացյալ նահանգները կապ է պահպանում Ադրբեջանի հետ` կոչ անելով կատարել Հունգարիայի առջև ստանձնած պարտավորությունները: Այդ մասին ԱՄՆ Պետքարտուղարությունում սեպտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը:
Ճեպազրույցի ժամանակ լրագրողը Նուլանդից հետաքրքրվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու հետ կապված ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկխոսության վերաբերյալ, ինչին ի պատասխան Պետքարտուղարության խոսնակը արձագանքել է. «Ձեզ հայտնի է, որ Հունգարիայի կողմից նրան (Սաֆարովին) ազատ արձակելուց անմիջապես հետո Պետքարտուղարությունը հայտարարությամբ հանդես եկավ, և մենք կապ ենք պահպանում Ադրբեջանի հետ` կոչ անելով կատարել, ինչպես հաղորդվում է, ազատ արձակելու դիմաց Հունգարիայի առջև ստանձնած պարտավորությունները»:
Այնուհետև լրագրողը շարունակել է հետաքրքրվել` արդյոք «Ձեր իմանալով, նրանք կատարո՞ւմ են այդ պարտավորությունները», Նուլանդն արձագանքելով, նկատել է. «Մենք, իրականում, որոշ մտավախություններ ունենք, ընդհանրապես, այդ հարցի կապակցությամբ»:
Մյուս հարցին, թե արդյոք հունգարական կառավարությունը պատասխանե՞լ է Միացյալ Նահանգների հարցմանը` Սաֆարովին արտահանձնման վերաբերյալ որոշման պատճառների մասին, Նուլանդը պատասխանել է, որ ինքը տեղյակ չէ` արդյոք իրենք պատասխան ստացե՞լ են, թե՞ ոչ: «Երբ հայտարարելու որևէ բան լինի այդ կապակցությամբ, ես անպայման կանեմ», -եզրափակել է թեման ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը: