Ընդդիմությունն այսօր ունակ չէ իր շուրջ մոբիլիզացնել ընդդիմադիր զանգվածը
«Ընդդիմությունը բացել է իր դաշտը «Բարգավաճ Հայաստանի» առջև և զիջել իր ընտրազանգվածը». մեջբերելով «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանի այս արտահայտությունը` «Голос Армении»-ն գրում է, որ սրա տակ կստորագրեին նաև «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանն ու Դավիթ Շահնազարյանը:
Թերթը նկատում է, որ այսօր ոչ բոլոր ընդդիմադիր գործիչներն են պատրաստ ընդունել, որ ընդդիմությունն այլևս ի վիճակի չէ իր շուրջ մոբիլիզացնել ընդդիմադիր տրամադրություններ ունեցող զանգվածներին, և այդ իրավիճակը սկիզբ է առել ԲՀԿ-ի հետ համատեղ շտաբի ստեղծումից: Թերթը գրում է. «Հայաստանի ռադիկալ ընդդիմադիր ուժ ՀԱԿ-ն առ այսօր պատրաստ է տարրալուծվել ԲՀԿ-ին և հանուն դրա հայտարարել, թե Գագիկ Ծառուկյանն «օլիգարխ չէ», և ԲՀԿ-ի հետևում պետք չէ տեսնել «Ռոբերտ Քոչարյանի ականջները»:
«ГА»-ն նկատում է, որ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միասնության գործընթացին կարող է խանգարել միայն երկրորդ նախագահի վերադարձը: Թերթը նաև նկատում է, որ ընդդիմադիր մյուս կուսակցությունը` ՀՅԴ-ն, խորհրդարանական ընտրությունների խայտառակ արդյունքներից հետո միայն մի խնդիր է լուծում` ինչպես խայտառակ չլինել նախագահական ընտրություններին: