Ում ինչ է առաջարկվել ապամոնտաժված կրպակների դիմաց
«Հրապարակը» գրում է, որ Աբովյան փողոցից, ապա Մաշտոցի պուրակից հանված «բուտիկների» սեփականատերերի հարցը դեռևս լուծված չէ: Թերթի տեղեկություններով, նրանց հետ բանակցությունները շարունակվում են: Նրանց մի մասը պայմանագրեր ունեն, որոնց ժամկետը չի ավարտվել, նաև ծախսեր են արել, որոնք պետք է փոխհատուցվեն կամ համարժեք տարածքներ առաջարկվեն:
«Ամենաշահեկանը Գագիկ Բեգլարյանի եղբոր` Յուրի Բեգլարյանի վիճակն է: Աբովյան փողոցում նրա զբաղեցրած տարածքի 40-50 մետրանոց հատվածը որպես սեփականություն է ձևակերպված եղել, հենց այդ տարածքում էլ վերջինս այս ամռանը սրճարան էր տեղադրել: Իսկ մնացած վարձակալած տարածքի դիմաց Բեգլարյանին մոտ 3 հազար քմ տարածք է առաջարկվել Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին` «Օրանժ» առողջարարական համալիրի հարևանությամբ: Մեր տեղեկություններով, մյուս անձանց ևս տարածքներ են առաջարկվել Դալմայի այգիների և Լենինգրադյան փողոցից մինչև ավտոկայան կառուցվող նոր ճանապարհի երկայնքով, սակայն սեփականատերերից ոմանք չեն համաձայնում այդ առաջարկին, քանի որ այս տեղանքը համարժեք չեն համարում իրենց կորցրածին»: