Մամլո խոսնակ. Գ.Ծառուկյանը չի կրճատում իր բիզնեսները ու չի խոչընդոտում տնտեսական աճին
«Տեղեկատվությունը, թե տնտեսական աճի արձանագրմանը խոչընդոտելու նպատակով Գագիկ Ծառուկյանը կրճատում է իր բիզնեսները, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- Panorama.am-ի հարցադրմանն ի պատասխան ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը` ընդգծելով, որ այսօր առավոտյան է արտերկրում գտնվող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուսամյանից ճշտել ու պարզել, որ Կենտրոն վարչական շրջանում իրականացվող շինարարության կասեցման մասին խոսք լինել չի կարող.
«Այդ շինարարությունը արդեն իսկ ավարտված է և այժմ մրցութային կարգով պարզվում են այն ընկերությունները, որոնք պետք է իրականացնեն համալիրի ներքին հարդարման աշխատանքները»,- ավելացրեց Ի.Տոնոյանը:
Հիշեցնենք, մամուլում այսօր կար տեղեկատվություն այն մասին, թե ԲՀԿ առաջնորդը կանգնեցրել է Կենտրոն համայնքում հսկայական տարածքներում սկսած կառուցապատման աշխատանքները` կապելով դա գալիք նախագահական ընտրությունների հետ և փորձելով , ինչպես և մի շարք խոշոր գործարարներ, նախագահ Սերժ Սարգսյանին ապացուցել, որ առանց իրենց 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ նա թե տնտեսական և ֆինանսական, և թե քաղաքական աջակցության խնդիրներ կունենա։
Ինչ վերաբերում է այն դիտարկանը, թե շինարարության դադարեցումը հատուկ է արվում, որպեսզի խոչընդոտվի տնտեսական աճի արձանագրումը, ապա մամլո խոսնակը անգամ ավելորդ համարեց նման անհեթեթություն մեկնաբանելը.
«Անգամ տնտեսական ճգնաժամի ժամանակ կոնցեռնի ենթակայությամբ գործող ձեռնարկություններում չեն կրճատվել աշխատատեղեր: Կարծում եմ այս փաստերի համադրումը տեսանելի է դարձնում իրական պատկերը այնքան, որ զերծ մնանք ավելորդ մեկնաբանություններից»,- ընդգծեց նա: