Ռոբերտ Քոչարյան. Ադրբեջանի նախագահը կամ էլ անտեղյակ է ոչ հեռավոր անցյալի իրադարձություններից
ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն այսօր տարածել է հայտարարություն, որով անդրադառնում է Իլհամ Ալիևի նախօրեի հայտարարությանը:
«Սեպտեմբերի 12-ին լրատվական գործակալությունները հաղորդագրություններ տարածեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների` Գաբալա քաղաքում նախօրեին կայացած հանդիպման մասին: Տեղեկատվության համաձայն, այդ հանդիպման ընթացքում Ալիևը հայտարարել է, թե 2001 թվականին Հայաստանի նախագահն իբր ներում է շնորհել Ֆրանսիայում ցմահ բանտարկության դատապարտված և նույն թվականին Հայաստանին արտահանձնված Կարապետյան ազգանունով հայ ահաբեկչի:
Այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:
Խոսքն այն ժամանակ Լիբանանի քաղաքացի Վարուժան Կարապետյանի մասին է, ով 2001 թվականին ոչ թե արտահանձնվել է, այլ ներում է ստացել Ֆրանսիայի իշխանությունների կողմից և միայն դրանից հետո է տեղափոխվել Հայաստան` մշտական բնակության:
Այդ մասին տեղեկատվությունը մինչ օրս բոլոր մանրամասներով կարելի է առանց հատուկ ջանքերի գտնել համացանցում:
Այսպիսով, պետք է արձանագրենք, որ փորձելով արդարացնել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, Ադրբեջանի նախագահը կամ միտումնավոր խեղաթյուրում է պատմական փաստերը, կամ էլ անտեղյակ է ոչ հեռավոր անցյալի իրադարձություններից»,-ասված է Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա