Ռադիկ Մարտիրոսյան. Մենք ունենք 800 մլրդների կորուստներ, որոնց մասին ճիշտ կլինի, որ բարձրաձայնի պարոն Զաքարյանը
«Ես տեղյակ չեմ, որ ՀՀ Ազգային Ժողովում ներկայացվում է Վերահսկիչ պալատի 2011 թ. հաշվետվությունը: Դրա մասին երեկ եմ լսել և չգիտեմ, թե ինչ խախտումներ են հայտնաբերվել Գիտության պետական կոմիտեում»,- այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Այդուհանդերձ, ԳԱԱ-ի նախագահը կարծում է, որ խոսքը վերաբերում է երկու տարի առաջ վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերած խախտումներին, որոնք արդեն լուծված են: Ըստ նրա՝ դրանք այնպիսի խախատումներ չէին, որ լուրջ չարաշահումներ լինեին, դրանք վերաբերել են այս կամ այն օրենքի ճիշտ կամ սխալ կիրառմանը: «Այդ մասին Վերահսկիչ պալատը գրել էր եզրակացություն, մենք քննարկումներ ենք ունեցել և խոսքը վերաբերել է փոքր գումարներին, որոնք արդեն վերադարձվել են»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը սեպտեմբերի 11-ին Ազգային Ժողովին ներկայացնելով ՎՊ 2011թ-ի հաշվետվությունը՝ հայտարարել էր, որ խախտումներ է հայտնաբերել ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեում: Մասնավորապես՝ միևնույն աշխատանքների համար կրկնակի ֆինանսավորում է իրականացվել, շատ դեպքերում ծախսերը հիմնավորված չեն, իսկ գիտական թեմատիկ աշխատությունների համար հատկացված գումարները ծախսվել են ոչ առարկայական:
Լրագրողի հարցին, թե ցավալի չէ, որ մեր պետությունում գիտնականին «գող» են համարում այն դեպքում, երբ պետությունը նրանց լիարժեք չի ֆինանսավորում, Ռ.Մարտիորսյանը պատասխանեց, որ ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ խոսակցություն է այնտեղ եղել, սակայն կարծում է, որ դրանք շատ չափազանցված են: «Եթե մեր գիտության ձեռքբերումները համեմատենք այն միջոցների հետ, որի մասին պարոն Զաքարյանը շեշտում է՝ չնչին բաներ են, ամոթ էլ է դրա մասին խոսել: Մեր կորուստները 80 հազար չէ, այլ ունենք 800 մլրդների կորուստներ, որոնց մասին ճիշտ կլինի, որ բարձրաձայնի պարոն Զաքարյանը»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան