Ս. Սաֆարյան. Սաֆարովին արտահանձնելու նպատակը եղել է Արցախյան հակամարտության թեժացումը
Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու նպատակը եղել է Արցախյան հակամարտության թեժացումը, որից Ադրբեջանն ու Թուրքիան ունեին իրենց յուրահատուկ սպասելիքները: Անդրադառնալով Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը ինչպես նաև Ռամիլ Սաֆարովի արտահանձմանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Բանախոսի համոզմամբ, Սաֆարովին ներում շնորհելով, Ադրբեջանը ցանկություն ունի Արցախի խնդիրը բարձրացնել միջազգային օրակարգ, քանի որ դժգոհ է խնդրի նկատմամբ աշխարհի անտարբերությունից: Իսկ Թուրքիայի համար ցանկալի է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի այնպիսի փոփոխություն, որտեղ ինքը կկարողանա սողոսկել:
Այս համատեքստում Ս. Սաֆարյանը մտահոգված է. «վերջին շրջանում Հայաստանում կարծես թե հնչում են բանակցային գործընթացը դադարեցնելուն ուղղված որոշակի հայտարարություններ», ինչի կարիքը, ըստ բանախոսի, չկա:
«Բանակցային գործընթացը փակուղի մտցնելը կնշանակի նպաստել բանակցային ձևաչափի փոփոխությանը, որի մասին երազում է Թուրքիան»,- նշեց Ս. Սաֆարյանը:
Սաֆարովի արտահանձնումը գնահատելով որպես «թուրք-ադրբեջանական ավանտյուրա»` Ս. Սաֆարյանը նշեց, որ Հայաստանը պետք է զգույշ լինի՝ զերծ մնալով տարածաշրջանում լարվածությունը մեծացնող քայլերից, և տուրք չտա այդ ավանտյուրային:
«Սակայն դա չի նշանակում, թե Հայաստանը չպետք է հստակ քայլեր կատարի: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման խնդիրը պետք է միարժեքորեն բերել թե միջազգային, թե հայաստանյան օրակարգ»,- կարծում է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղարը:
Պատասխանելով panorama.am-ի հարցին, թե այսօր Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անկախության դե յուրե ճանաչումը չի նշանակում արդյոք դադարեցնել բանակցություններն ու հրաժարվել Մինսկի խմբի միջնորդությունից, Ս. Սաֆարյանը նշեց. «Եթե Հայաստանը կարող է ստեղծել այնպիսի փակուղի, որի արդյունքում բանակցային գործընթաց կմտնի նաև ԼՂՀ նախագահը, այո, թող արվի այդ կտրուկ քայլը: Արցախի անկախության ճանաչումը քաղաքական քայլ է, որևէ մեկը չի կարող դրա համար դատապարտել կամ մեղադրել Հայաստանին»: