ԲՀԿ-ն զիջում է թիվ 35-ը ՀՀԿ-ի՞ն
Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի հետ:
-Պարոն Ուրիխանյան, նախքան Գյումրիում սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ կընտրվեր սամվել Բալասանյանը, համառ լուրեր էին շրջանառվում, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն համաձայնության են եկել և թիվ 35-ում ԲՀԿ-ն արտահերթ ընտրություններում թեկնածու չի առաջադրի: Կա՞ նման պայմանավորվածություն:
-Մեր հիմնական և գերակա պայմանավորվածությունը բոլոր տեսակի առաջադրումների և ընտրությունների, առհասարակ` հանրության հուզող հարցերի շուրջ տեղի է ունենում մեր ընտրողների հետ: Որևէ այլ պայմանավորվածություն որոշիչ և վճռորոշ մեզ համար չի կարող լինել:
Այն, ինչ այսօր շրջանառվում է, շրջանառության մեջ դրվեց ընդամենը պարոն Բալասանյանի մի արտահայտության պատճառով, ասել է թե` այն հանրային շփումներն ու ծրագրերը, որոնցով հանդես եմ գալու, այսուհետ հանդես է գալու որդիս: Թե ինչո՞ւ դա առաջացրեց այսպիսի աշխաժություն չեմ կարող հասկանալ…
-Միսակ Բալասանյանը ԲՀԿ-ակա՞ն է:
-Այո, նա կուսակցության անդամ է:
-Նրա հետ կապված որևէ որոշո՞ւմ կա կուսակցությունում:
-Ոչ: Երբ մենք ունենում ենք վերջնական որոշում, նույնիսկ քննարկումների փուլում, ես պարբերաբար դրա մասին տեղեկացնում եմ:
-Լավ, որդու հարցը չի քննարկվել, բայց քննարկում չի՞ եղել, թե ո՞ւմ է առաջադրելու ԲՀԿ-ն այդ ընտրատարածքում:
-Առայժմ ոչ:
-Պարոն Ուրիխանյան, եթե ԲՀԿ-ն չառաջադրի պատգամավորի թեկնածուի թիվ 35-ում, ապա նա կկորցնի մեկ պատգամավորական մանդատ Ազգային Ժողովում: Մինչդեռ Շիրակը անցած խորհրդարանական ընտրություններում կոնկրետ Ձեր կուսակցության համար փայլուն արդյունքներ բերեց (մայիսյան խորհրդարանական ընտրություններում Գյումրու երեք ընտրատարածքներում էլ հաղթանակ տարան ԲՀԿ-ական թեկնածուները):
-Ես ուզում եմ մեկ բան շեշտել. անտեղ, որտեղ մենք` ԲՀԿ-ն, ունենալու ենք արժանի թեկնածու, որը որ ունակ է կատարելու տվյալ տեղի, հաստիքի, պաշտոնի լիազորությունները, անձնավորություն, որը կտիրապետի նաև այլ անհրաժեշտ կարողությունների և սա ոչ միայն խորհրդարանական ընտրություններին է վերաբերում, այլ առհասարակ, այդ առաջադրումը տեղի կունենա: Եվ կարծում եմ, երբ խոսքը վերաբերում է հատկապես պատգամավորությանը, ապա մենք պետք է առաջնորդվենք նախևառաջ հենց այս նկատառումներով և ոչ թե այլ նպատակահարմարություններով:
-ԲՀԿ-ն ինչ է, չունի՞ նման թեկնածու, որ մինչ այս պահը լռում է:
-Իհարկե ունի: Բայց` ամեն ինչ իր ժամանակին:
-Պարոն Ուրիխանյան, պարզապես ԲՀԿ-ի լռությունը կարծես այն մտքին է բերում, որ կուսակցությունը թիվ 35 ընտրատարածքը ուզում է հեշտ ու հանգիստ զիջել ՀՀԿ-ին, քանի որ եթե ոչ պաշտոնական մակարդակով, բայց խոսվում է իրենց թեկնածուի մասին…
-Երբ մենք ունենանք որոշում բոլորն այդ մասին կտեղեկանան: Առայժմ տվյալ ընտրատարածքում առաջադրել-չառաջադրելու հետ կապված վերջնական որոշում մենք չունենք:
Միևնույն ժամանակ ասեմ, որ դա չի նշանակում, թե մենք չենք քննարկում և կամ որ մենք քննարկում ենք. ձեզ հայտնի կդառնա այն ամենի մասին, ինչ մենք անելու ենք ճիշտ այն պատեհ պահին, որը կհամարենք նպատակահարմար: Նույնպես ինչպես նախագահական ընտրությունների մասին կասվի:
Նախորդիվ` Զ.Եգանյան. Միսակ Բալասանյանի առաջադրման հարցը դեռ չի քննարկվել