Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում թերևս հանդիպում կունենա
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, թե ՀՀ վերին օղակներում տեղ գտած խոսակցությունների համաձայն, շաբաթվա վերջին ԱԺ պատգամավորների ու օլիգարխիայի մի որոշակի հատվածի հետ Մոսկվայում հանդիպում է ունենալու Ռոբերտ Քոչարյանը, որի ժամանակ քննարկում է ծավալվելու մի շարք ներքին քաղաքական խնդիրների շուրջ:
«Ըստ նույն լուրերի, ներկաներից մի քանիսը Սեդրակիչին կոնկրետ պատասխաններ են տալու այս ընթացքում թույլ տված քաղաքական «կիքսերի» համար, ինչն, ըստ քոչարյանամերձ շրջապատի, ոմանց մոտ չափն արդեն անցնում է: Կարծիք կա, որ վերջերս Սեդրակիչը այս ֆորմատով հանդիպումներ շատ քիչ է անցկացրել, քանի որ փորձել է մինչև վերջ հասկանալ մանրապճեղ քաղաքական գործիչների խաղն ու նոր ասել իր վերջնական խոսքը:
Ի դեպ, մեկ այլ տեղեկատվության համաձայն էլ, չի բացառվում, որ Սեդրակիչը այդ հանդիպման շրջանակներում առավել ընդգրկուն զրույց ծավալի նաև արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ, ինչն իրականում առավել լուրջ հարց է, քան մանր-մունր խաղացողների աճպարարությունները»,- գրում է թերթը: Ստացված տեղեկատվության վերաբերյալ «ՉԻ»-ն փորձել է ստանալ նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի կարծիքը, սակայն վերջինս չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին: