«Euractiv.com». ԵՄ-ն պետք է վերանայի իր մոտեցումը Ադրբեջանի նկատմամբ. Սաֆարովը պետք է ներառվի Ինտերպոլի ցուցակում
ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ` վերջինիս կողմից հայ սպային դաժանաբար սպանած ադրբեջանցի զինվորին ներում շնորհելու և հերոսացնելու համար: Այս մասին «Euractiv.com»-ում տպագրված հոդվածում գրել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Մայքլ Քամբեքը:
«ԵՄ-ն պետք է գործի` կանխելու մեկ այլ Կովկասյան հակամարտություն» վերտառությամբ հոդվածում Մայքլ Քամբեքը, անդրադառնալով Սաֆարովի գործի վերաբերյալ միջազգային արձագանքներին, նշում է, որ եվրոպական և այլ միջազգային կառույցներ աննախադեպ համերաշխություն ցուցաբերեցին Հայաստանի նկատմամբ և դատապարտեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելն ու հերոսացնելը:
Իլհամ Ալիևի այդ որոշումը որակելով որպես Հայաստանի դեմ ուղղված սադրանք` հոդվածագիրը ներկայացնում է Սաֆարովի գործի նախապատմությունը: Ընգծելով Եվրամիության կողմից հստակ գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը` Մ. Քամբեքը ներկայացնում է այն պատճառները, ըստ որի ԵՄ-ն պետք է վերանայի իր մոտեցումը Ադրբեջանի հարցում:
«Առաջին, սպանությունը տեղի է ունեցել և դատավճիռը կայացվել է Եվրամիության անդամ Հունգարիայում, որը մինչև վերջին պահը վստահեցրել է Հայաստանին, որ որևէ արտահանձնում տեղի չի ունենալու: Այժմ Հունգարիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կասեցված են, և Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի ճանապարհին Հայաստանը իրեն անտեսված է զգում ԵՄ կողմից, որը չի կարողացել կանխել իրադարձությունների նման զարգացումը: Երկրորդ, ԵՄ անդամ պետության դատարանի օրինական դատավճիռը շրջանցվել ու խախտվել է երրորդ պետության կողմից և փաստացի կասկածի տակ է դրվել ԵՄ իրավական որոշումների կենսունակությունը»,- գրում է հեղինակը` ներկայացնելով ադրբեջանական իշխանությունների գրավոր վստահեցումները հունգարական կողմին, որոնց համաձայն Ադրբեջան արտահանձնումից հետո Սաֆարովը շարունակելու էր կրել իր պատիժը:
Հոդվածագիրը նշում է, թե որքան էլ ծիծաղելի են այժմ այդ հավաստիացումները, դրանք բացահայտում են մի պետության իշխող ռեժիմի էությունը, որի հետ ԵՄ-ն իրականացնում է իր էներգետիկ ծրագրերը և որի հետ Հայաստանը բանակցում է Լեռնային Ղարաբաղի վտանգավոր հակամարտության կարգավորման շուրջ: Վերջինս էլ, հեղինակի համոզմամբ, այն երրորդ կարևորագույն պատճառն է, թե ինչու Եվրամիությունը չի կարող անտարբեր մնալ:
«Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս «սառեցված հակամարտություն» չէ` չնայած որ դեռ գործում է 1994թ. կնքված Բիշքեքի զինադադարը: Զինադադարի կնքումից առաջ Ղարաբաղի բնակչության 85%-ը կազմող հայերը զենքով պաշտպանվել են` փորձելով կանգնեցնել Ադրբեջանի կողմից իրականացվող զանգվածային էթնիկ զտումներն ու չափազանց խտրական ազգային քաղաքականությունը: Եթե հակամարտությունը վերսկսվի, ապա Եվրոպան թանկ գին կվճարի դրա համար: Նավթի գները կտրուկ կբարձրանան, փախստականների հոսք կսկսվի դեպի Եվրոպա, և տնտեսապես ու քաղաքականապես կկործանվի այն ամենը, ինչ վերջին 20 տարիների ընթացքում ձեռք է բերվել Հարավային Կովկասում»,- գրում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավարը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Ադրբեջանի ապակառուցողական և մաքսիմալիստական դիրքորոշմանը, ադրբեջանական իշխանությունների կողմից մշտապես հնչեցվող ռազմատենչ հայտարարություններին` հոդվածագիրը նշում է, որ Սաֆարովի գործը այժմ բացահայտորեն ցույց է տալիս, որ նավթադոլարների միջոցով ռազմականացված և տնտեսական աճ գրանցած Բաքուն այլևս կարիք չի զգում հարգելու որևէ մեկին կամ որևէ բան, և անգամ ԵՄ անդամ պետությանն է ներքաշում իր սադրիչ ռազմավարության մեջ:
«Նման դաժան մարդասպանին ներում շնորհելն ու հրապարակայնորեն հերոսացնելը բացահայտ անհարգալից վերաբերմունք է եվրոպական արժեքների, ինչպես նաև ԵՄ-ի և վերջինիս անդամ Հունգարիայի նկատմամբ»,- գրում է Մ. Քամբեքը` հավելելով, որ ՄԱԿ-ի, Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհրդի դատապարտումներից հետո այժմ եկել է իրական գործողություններ իրականացնելու ժամանակը:
«Առաջին, Սաֆարովը պետք է ներառվի Եվրոպոլի և Ինտերպոլի ցուցակում, և այդպիսով նա չպետք է հնարավորություն ունենա հայտնվելու Ադրբեջանի սահմաններից դուրս, հատկապես Եվրոպայում: Երկրորդ, Հայաստանն ու Հունգարիան պետք է այժմ աշխատեն պատմական լավ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ: Երկուսն էլ հնագույն քրիստոնեական երկրներ են և խաչմերուկ Արևելքի ու Արևմուտքի միջև: Երրորդ, ԵՄ-ն պետք է վերանայի իր մոտեցումը Ադրբեջանի նկատմամբ` հանդես գալով ավելի կոշտ քննադատությամբ: Եվ վերջապես, Հայաստանը պետք է ունենա հստակ մոտեցումներ` խուսափելով հայտնվել ադրբեջանական սադրանքներին նմանապես պատասխանելու թակարդը, որը և ակնկալում է Ալիևը: Եվրոպայի արևելյան սահմաններում նոր պատերազմը ոչ մի կերպ չի համեմատվի 1990-ական թվականների Ղարաբաղյան պատերազմի հետ, այն կունենա շատ ավելի մեծ ողբերգական հետևանքներ տարածաշրջանի և Եվրոպայի համար: Դրանից խուսափելու համար Ադրբեջանի կողմից հարևան Հայաստանի նկատմամբ պետականորեն խրախուսվող քսենոֆոբիան և աճող ազգայնամոլությունը պետք է դատապարտվեն և հնարավորինս խստագույն պատասխան ստանան Եվրոպայի ու միջազգային կառույցների կողմից»,- եզրափակում է Մայքլ Քամբեքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում