Ցուցահանդես` նվիրված Զմյուռնիայի աղետի 90-ամյա տարելիցին
Հայոց ցեղասպանության թանգարանում այսօր բացվելու է Զմյուռնիայի աղետի 90-ամյա տարելիցին նվիրված ժամանակավոր ցուցադրություն: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Հայոց ցեղասպանության թանգարանի մամուլի ծառայությունից:
Ցուցադրության մեջ ներկայացված են զմյուռնիահայ կյանքին վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, փոստային բացիկներ, ինչպես նաև ՀՑԹԻ հավաքածուի մաս կազմող բնօրինակ լուսանկարներ, թերթեր, որոնք ներկայացնում են քեմալականների կողմից 1922թ. սեպտեմբերին փոքրասիական խոշոր նավահանգիստ Զմյուռնիայի հրդեհումը և կոտորածները, որոնց զոհ են գնացել տասնյակ հազարավոր հայեր և հույներ:
Ժամանակավոր ցուցադրության բացումից հետո ՀՑԹԻ Կոմիտասի անվան սրահում տեղի է ունենալու գիտական նիստ նվիրված Զմյուռնիայի աղետին: Զեկույցներով հանդես են գալու ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, Վերժինե Սվազլյանը, ՀՑԹԻ գիտաշխատողներ Թեհմինե Մարտոյանը և Գևորգ Վարդանյանը: