Ջ. Բուքիքիոն միանում է ԵԽ գլխավոր քարտուղարին. Անընդունելի է, որ դատապարտված մարդասպանին տրվում է հերոսի կարգավիճակ
ԵԽ Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջիաննի Բուքիքիոն Սաֆարովի արտահանձնման, ներման, հերոսացման վերաբերյալ նամակ է հղել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:
Նամակում մասնավորապես ասված է.
«Հարգելի պարոն Նախագահ,
Ես խորապես կիսում եմ Ձեր վրդովմունքը կապված վերջերս տեղի ունեցած դեպքերի հետ: Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարը այս առնչությամբ ողջ կազմակերպության անունից կատարել է հետևյալ հայտարարությունը. «Ռամիլ Սաֆարովը մեղադրվել էր սպանության համար և դատապարտվել ցմահ բանտարկության Հունգարիայում: Սույն թվականի օգոստոսի 31-ին նա տեղափոխվեց Ադրբեջան և անմիջապես նրան ներում շնորհվեց: Ես որևէ կերպ չեմ ցանկանում տրամադրել մեկնաբանություններ իրավական ընթացակարգերի վերաբերյալ, սակայն գտնում եմ, որ անընդունելի է, որ դատապարտված մարդասպանին տրվում է հերոսի կարգավիճակ:
Ես հրաժարվում եմ ընդունել աշխարհի այնպիսի հայեցակարգ, որի բարոյական հիմքերը սասանվում են, որում մարդկային արժանապատվությունը ժխտվում է: Սա այն Եվրոպան չէ, որը Մենք պետք է թողենք մեր ապագա սերունդներին: Ես խստագույնս դատապարտում եմ հանցագործությունների նմանատիպ փառաբանումը և կոչ եմ անում բոլորիս աշխատել միասնաբար, որպեսզի կարողանանք ապահովել կյանքի իրավունքի հանդեպ հարգանքը, ինչպես նաև այն արժեքների պաշտպանությունը, որոնք քարոզում է Եվրոպայի Խորհուրդը»:
Ես ևս ամբողջությամբ միանում եմ այս հայտարարությանը:
Հարգանքով,
Ջիաննի Բուքիքիո
Պարոն Գ. Հարությունյանին
Հայաստանի Հանրապետության
Սահմանադրական դատարանի նախագահին»: