Ստեփանակերտում մի սեղանի շուրջ կհավաքվեն ՀՀ և ԼՂՀ խորհրդարանական ուժերը
Վաղը ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ տեղի կունենա ՀՀ և ԼՂՀ խորհրդարանական կուսակցությունների անդրանիկ կլոր սեղանը` «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» թեմայով:
ՀՀԿ մամուլի ծառայության փոխանցմամբ, կլոր սեղանին մասնակցելու են Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Օրինաց Երկիր» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «ժառանգություն» կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցութան, Արցախի ժողովրդավարական կուսակցության, «Ազատ Հայրենիք» կուսակցության, ՀՅԴ Արցախի կառույցի պատվիրակությունները:
Կլոր սեղանի նպատակներն են քննարկել.
1. ժամանակակից քաղաքական կուսակցությունների դերը, նրանց գործունեության առանձնահատկությունները տեղեկատվական հասարակության մեջ,
2. հայկական երկու պետությունների քաղաքական կուսակցությունների համագործակցության ուղիները,
3. կուսակցությունների ներդրումը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում,
4. քաղաքական կուսակցությունների ներգրավումը արտաքին քաղաքականության օրակարգի մշակման և իրականացման գործում:
Կլոր սեղանը տեղի է ունենալու ԼՂՀ խորհրդարանի շենքում: Ողջույնի խոսքով հանդես կգա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: