Բնակիչները բողոքում են. Քաղաքապետարանը հանգստացնում է (տեսանյութ)
Քիչ առաջ Քոչարի 7 հասցեում հարակից շենքերի բնակիչները բողոքի էին դուրս եկել: Բնակիչներն ասում են, թե շենքի բակում գտնվող խաղահրապարակի ճակատագիրը վտանգված է, դրա տեղում շուտով շինարարություն է սկսվելու:
Իրենց խաղահրապարակի պաշտպանության համար մեծահասակներին միացել էին նաև երեխաներ: Տարածքում շինարարության սկսելու համար արդեն փոսեր են փորված:
«Մենք հիմա ասում ենք, որ երեխաների խաղահրապարկի տեղում ոչ մի բան չի կարելի սարքել»,-նշում են նրանք: Բնակիչների խոսքով, տարածք մտած բոլդուզերը վնասել է տարածքի ծառերն ու կանաչը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը խնդրի վերաբերյալ Panorama.am-ին հայտնեց, որ շինարարությունը իրականացվելու է Քուվեյթի դեսպանության սեփականություն հանդիսացող տարածքում: Նշենք, որ է Հայաստանում Քուվեյթի դեսպանության շենքը գտնվում է Քոչարի 7/3 հասցեում:
«Քանի որ դեսպանությունը անվտանգության ապահովման անհրաժեշտություն ունի, քաղաքապետարանը, դրանից ելենելով, թույլ է տվել դեսպանության սեփական տարածքում սահմանազատում իրականացնի ճաղավանդակներով: Իր սեփականություն է, համայնքային սեփականության տարածք դեսպանությունը չի մտել»,-ասաց Ա. Գևորգյանը, նշելով, որ ոչ մի ավտոտնակի կամ խաղահրապարակի վտանգ չի սպառնում:
Հարցին, թե այդ դեպքում ինչու են բողոքում բնակիչները, Ա. Գևորգյանը պատասխանեց, թե տեղյակ չէ: