Բակո Սահակյան. Մենք շահագրգռված ենք այլ պետությունների քաղաքական կուսակցությունների հետ կապերի հաստատման մեջ
«Արցախում ստեղծվել է բավականին նպաստավոր մթնոլորտ թե կուսակցությունների միջև կապերի խորացման, թե իշխանությունների հետ նրանց փոխգործակցության համար: Մենք դա համարում ենք մեծ նվաճում, ինչը պետք է պահպանել ու հետևողականորեն զարգացնել»,-այսօր Ստեփանակերտում հայտարարել է Արցախի նախագահ Բոկո Սահակյանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» կլոր սեղանի բացմանը և հանդես եկել ողջույնի խոսքով:
Հիշեցնենք, որ միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ և ՀՀ խորհրդարաններում ներկայացված քաղաքական կուսակցությունները:
Արցախի Հանրապետության նախագահի խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ողջունում եմ «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» կլոր սեղանի բոլոր մասնակիցներին և գոհունակություն հայտնում Արցախում նման նշանակալի միջոցառման անցկացման կապակցությամբ:
Քաղաքական կուսակցություններն այն կարևորագույն ինստիտուտներից են, առանց որոնց անհնարին է պատկերացնել ժամանակակից ժողովրդավարական հասարակությունը: Նրանք հանդիսանում են նաև պետական համակարգի կենսագործունեության առանցքային բաղադրամասերից մեկը: Բնական է, որ ուժեղ ու կայացած կուսակցությունների առկայությունը, նրանց միջև քաղաքակիրթ հարաբերությունները, այդ թվում նաև մրցակցությունը, մեծապես նպաստում են երկրի առաջընթացին, ներքին և արտաքին քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:
Չափազանց կարևոր է նաև կուսակցությունների դերը, նրանց սերտ համագործակցությունը համահայկական խնդիրների լուծման, հատկապես՝ Արցախյան հիմնախնդրի և Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Դրանք այն հարցերն են, որոնք պահանջում են միասնական մոտեցում ու համախմբված աշխատանք:
Արցախում ստեղծվել է բավականին նպաստավոր մթնոլորտ թե կուսակցությունների միջև կապերի խորացման, թե իշխանությունների հետ նրանց փոխգործակցության համար: Մենք դա համարում ենք մեծ նվաճում, ինչը պետք է պահպանել ու հետևողականորեն զարգացնել:
Միևնույն ժամանակ, անելիքներ նույնպես դեռ շատ ունենք: Անհրաժեշտ է, օրինակ, ընդլայնել միջկուսակցական կապերը Հայաստանի և Սփյուռքի քաղաքական ուժերի հետ, ինչը կհանդիսանա Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման կարևոր գործոններից մեկը: Մենք շահագրգռված ենք նաև այլ պետությունների քաղաքական կուսակցությունների հետ կապերի հաստատման և զարգացման մեջ:
Այս տեսանկյունից «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» կլոր սեղանը կարող է ունենալ իր արժանի ներդրումը մեր պետության համար չափազանց կարևոր գործընթացներում:
Վստահ եմ, որ միջոցառումը հաջողությամբ կիրականացնի իր առջև դրված խնդիրները: Բոլորիդ մաղթում արդյունավետ աշխատանք ու ամենայն բարիք»: