Голос Армении. «Եվրազեսին արժե անդամակցել միայն, եթե այդ կառույցը ճանաչի ԼՂՀ-ն»
Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ազատ արձակման փաստի կապակցությամբ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ընդհատման և անմիջապես Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչման կոչերին` «Голос Армении»-ն գրում է, որ այս պահանջները փոքր-ինչ հուզական են և ներկայումս տարածաշրջանի համար վնասակար են ու ժամանակավրեպ: Անդրադառնալով մարդասպանի հերոսացման խնդրին` թերթը գրում է, որ Հայաստանը կոշտ դիրքորոշում գրավելու շատ ավելի լուրջ և վտանգավոր պատճառներ ունի, օրինակ` Ուկրաինայի և Բելառուսի կողմից Ադրբեջանին պաշտպանական համակարգեր կոտրող «Պիոն» հրետանային տեխնիկայի վաճառքը:
Ըստ թերթի` Հայաստանը պետք է խստորեն բարձրաձայնի տարածաշրջանի կայունությանը սպառնացող Ադրբեջանի ակտիվ զինման հարցը: Ըստ հոդվածագրի` Հայաստանը կարող է երկու աշխարհաքաղաքական «մեսիջ» ուղարկել արտաքին աշխարհին. Ռուսաստանին ուղղված «մեսիջը» պետք է լինի հետևյալը` Հայաստանը պատրաստ է անդամակցել Եվրազեսին միայն այն դեպքում, եթե անդամակցի այդ կազմակերպությանը որպես 48 հազ. քառ. կմ տարածք ունեցող երկիր, ընդունելի կարող է լինել նաև ԼՂՀ-ի անդամակցությունը Եվրազեսին` որպես անկախ պետություն, որը կունենա բոլոր այն իրավունքները, որոնք կունենան այդ կառույցի այլ պետությունները: ԱՄՆ-ին ուղղված Հայաստանի «մեսիջն», ըստ հոդվածագրի, պետք է լինի հետևյալը. «Եթե դուք ցանկանում եք վերադարձնել մեր վստահությունը, ուրեմն պետք է անեք ավելին, քան Թուրքիայի վարչապետի հետ հեռախոսազրույցի ժամանակ բեյսբոլի փայտ բռնելը»: Ամենակարճ հաղորդագրությունը թերթն առաջարկում է ուղղել ԵՄ-ին. «Մենք ձեզ ասելիք չունենք, քանի դեռ դուք մեզ առաջարկելու բան չունեք»: