Կաշառք` խմորեղենի արտադրամասերում ստուգումներ չանցկացնելու համար
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) երեք աշխատակիցներ, որոնց դեմ կաշառակերության փաստով գործ էր հարուցվել, այլևս չեն աշխատում ծառայությունում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է ՍԱՊԾ մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանից. «Նրանք արդեն ազատված են իրենց աշխատանքային պարտականություններից»:
Թերթը հիշեցնում է, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը (6-րդ վարչություն) կաշառք վերցնելու մեղադրանք էր առաջադրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ մի քանի աշխատակիցների, և պարզել էր, որ ՍԱՊԾ աշխատակիցները Երևանի հացի և խմորեղենի մի շարք արտադրամասերում ստուգումներ չանցկացնելու համար 2009-2012թթ. ընթացքում դրանց տնօրենների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել և տարբեր ժամանակներում տարբեր չափերի կաշառք ստացել: