«Հունգարիան պետք է Ադրբեջանից պահանջի Սաֆարովին և պերսոնա նոն գրատա հայտարարի Ալիևին»
Տարբեր երկրներում կազմակերպվող բողոքի ակցիաններն` ընդդեմ ադրբեջանահունգարական գործարքի, իրական ազդեցություն չեն կարող ունենալ քաղաքական գործընթացների վրա, բայց լրացուցիչ ճնշող մեխանիզմներ են: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանը:
Նրա խոսքով, հենց Հունգարիայի ներսում տեղի ունեցող բողոքի ակցիաները որևէ ազդեցություն չունեցան հունգարական իշխանության վրա որպեսզի ներողություն խնդրեն Հայաստանից: «Հունգարական իշխանությունը միայն դժգոհում է, որ իրեն ադրբեջանցիները խաբել են: Եթե այդպես է, ուրեմն նրանք պետք է Ադրբեջանից պահանջեն Սաֆարովին, պերսոնա նոն գրատա հայտարարեն Ալիևին` փրկելով իրենց դեմքը»,- նշեց Ն. Գալստյանը:
Նրա խոսքով, նման պահանջով պետք է հունգարական իշխանություններին դիմի նաև հենց հունգար հասարակության այն հատվածը, ովքեր գտնում են, որ իրենց պետական մարմինների գործողությունները ճիշտ չէին:
Ինչ վերաբերում է միջազգային տարբեր ատյանների հայտարարություններին, այդ թվում նաև Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին, քաղաքագետն ասաց, որ դրանք ընդամենը քննադատող հայտարարություններ են: «Այդ հայտարարություններում նշված չէ, թե ինչ գործողությունների պետք է դիմել: Նրանք պետք է պահանջեն Ադրբեջանից վերադարձնել Սաֆարովին Հունգարիա, այլապես…, կամ եթե չշտկեք վիճակը, որոշ պետություններ կսկսեն կիրառել պատժամիջոցներ: Միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ միջազգային հանրությունը ոչ միայն մտահոգ է, այլ նաև կոնկրետ քայլերի է դիմել»,- ասաց Ն. Գալստյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները