Ոստիկանությունը ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հրապարակումների առնչությամբ նյութեր է նախապատրաստում
Սեպտեմբերի 9-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «aravot.am» կայքում՝ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների լրահոս էջում, տեղեկություն է զետեղվել, որ ժամը 10.45-ին Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում, նախկին տասը հարկանի շենքի մոտ, նկատվել է «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս, որից ընտրակաշառք է բաժանվել:
Ընտրությունների վերահսկման քաղաքացիական խմբերից մեկը հետապնդել է ավտոբուսին, և Բուլվարային թաղամասի մոտ այն կանգնեցնելով` ավտոբուսում գտել են Գյումրիի ավագանու անդամության թեկնածու Մերուժան Գաբոյանի անվամբ բուկլետներ և ընտրողների ցուցակներ, որոնք առգրավվել են, իսկ ավտոբուսում եղած մարդիկ փախել են:
Ոստիկանությունից հայտնեցին, որ հրապարակման մեջ նշված փաստի առնչությամբ ոստիկանության Գյումրիի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Հանգամանքները պարզվում են:
Նույն օրը ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «aravot.am» կայքում՝ Գյումիրում ՏԻՄ ընտրությունների լրահոս էջում, տեղեկություն է զետեղվել, որ «ժամը 10.45-ին Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասից Գյումրիի ավագանու անդամության թեկնածուներից մեկը 1000-ական դրամ ընտրակաշառքով ընտրողներ է հավաքագրում և «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսով տեղափոխում քվեարկության, թեև այդ թեկնածուն 100 դրամ էլ չարժե»:
Հրապարակման մեջ նշված փաստի առնչությամբ ոստիկանության Գյումրիի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: