Բակո Սահակյան. 20-րդ դարը կարելի է համարել հայ աստղագիտության ոսկե դարը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած «Մարդը և տիեզերքը» գիտաժողովի մասնակիցներին:
Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմիտեղեկատվության գլխավոր վարչությունից:
Իր ուղերձում Արցախի նախագահն ասել է. «Գիտաժողովի հարգելի մասնակիցներ,
Ուրախ եմ ողջունել բոլորիդ և իմ գոհունակությունը հայտնել Արցախում նման կարևոր միջոցառման անցկացման կապակցությամբ:
Հայկական լեռնաշխարհը հանդիսանում է տիեզերքի ուսումնասիրման երկրագնդի ամենահին վայրերից մեկը, ինչի մասին են վկայում այստեղ առկա հինավուրց աստղադիտարանները: Ոլորտը մեծ զարգացում է ապրել նաև 20-րդ դարում, որը կարելի է համարել հայ աստղագիտության ոսկե դարը: Տիեզերքի ուսումնասիրման գործում շոշափելի է նաև ծնունդով արցախցի գիտնականների ներդրումը, ինչը մեծ հպարտություն է ներշնչում մեզ բոլորիս:
Այդ իսկ պատճառով, մենք չափազանց կարևորում ենք տիեզերքի ուսումնասիրմանը նվիրված գիտական միջոցառումների անցկացումը մեր երկրում, հատկապես՝ անվանի մասնագետների մասնակցությամբ: Համոզված եմ, որ «Մարդը և տիեզերքը» գիտագործնական գիտաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջև դրված խնդիրները և կխթանի տիեզերքի ուսումնասիրման հանդեպ հետաքրքրությունը մեր հանրապետությունում:
Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք եւ ամենայն բարիք»: