Դավիթ Բաբայան. Ա. Աղաբեկյանի նշանակման մասին հրամանագիր չկա
ԼՂՀ նախագահի մամուլի Խոսնակ Դավիթ Բաբայանը Panorama.am-ին հայտնեց, որ այս պահին Արթուր Աղաբեկյանին Արցախի Հանրապետության փոխվարչապետ նշանակելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չկա:
«Հրամանագիրը հենց լինի, կտարածենք»,-ասաց Բաբայանը:
Տարածված լուրերի վերաբերյալ դաշնակցական գործիչ Ա. Աղաբեկյանը էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պարզաբանել է, որ ինքը նման առաջարկ ստացել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից ու համաձայնություն է տվել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ԼՂՀ նախագահը ստորագրել է հրամանագիր Արա Հարությունյանին վարչապետ նշանակելու մասին: Համաձայն հրամանագրի, ԼՂՀ վարչապետին հանձնարարվել է քսանօրյա ժամկետում Նախագահին առաջարկություն ներկայացնել կառավարության կազմի վերաբերյալ:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի 2009թ. հունվարի 19-ի հրամանագրով ԼՂՀ փոխվարչապետ էր նշանակվել Սպարտակ Թևոսյանը:
Ա. Աղաբեկյանը 2000-ից եղել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից, 2007թ. հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, իսկ 2009 թվականի մայիսի 21-ին հրաժարական է տվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները