Policymic. Կովկասի տարածաշրջանում նոր ճգնաժամ է բռնկվել
Հայաստանը բարկացած է այն հանգամանքից, որ Հունգարիան արտահանձնեց ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Այս մասին գրում է «Policymic» պարբերականը:
«Policymic»-ն անդրադարձել է Սաֆարովի գործի նախապատմությանը` սկսած 2004թ. Բուդապեշտում արձանագրված աննախադեպ մարդասպանությունից մինչև մարդասպանին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելն ու պարգևատրելը:
Պարբերականը նշում է, որ Կովկասի տարածաշրջանում նոր ճգնաժամ է բռնկվել:
Ըստ հունգարական իշխանությունների՝ նրանք համաձայնվել են Սաֆարովին արտահանձնել այն հավաստիացումներից հետո, թե Սաֆարովը ցմահ բանտարկությունը կշարունակի իր երկրում: Փաստորեն` Ադրբեջանը խաբել է իր հունգարացի գործընկերոջը:
Պարբերականը նշում է, որ այս ամենից հետո հայերը բողոքի ակցիաներ են սկսել Երևանում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Փարիզում, Լոնդոնում և մի շարք այլ վայրերում գտնվող Հունգարիայի դեսպանատների և հյուպատոսությունների առջև:
Սպիտակ Տունը անհապաղ արձագանքեց. ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Թոմի Վիետորը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Օբաման խորապես անհանգստացած է ադրբեջանցի մարդասպանին ներում շնորհելու հանգամանքից: Վաշինգտոնը կոչ է արել, որպեսզի Սաֆարովը շարունակի իր ցմահ բանտարկությունը, սակայն Բաքուն դժվար թե հետևի այդ կոչերին:
«Policymic»-ն հիշեցնում է, որ հազարավոր հունգարացիներ բողոքի ակցիաներ են սկսել կառավարության որոշման դեմ: Այն խոսակցությունները, թե Ադրբեջանը Հունգարիայի տնտեսության մեջ երկու մլրդ դոլար կներդնի ապացուցում է այն հանգամանքը, թե ինչու է Բուդապեշտը որոշել արտահանձնել Սաֆարովին:
Պարբերականը եզրափակվել է մեջբերելով հունգարացի անանուն մի լրագրողի. «Հունգարիան ճգնաժամի մեջ է և նրանց չի հաջողվում բավարար գումար ստանալ Եվրոպայից: Նրանք համաձայնել են Ադրբեջանից ստանալ նավթային գումարները»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում