Սեռական հարաբերություն է ունեցել 3000 դրամով և հայտարարել, որ իրեն բռնաբարել են. Ի՞նչ է լինում, երբ սուտ մատնության են դիմում
Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի բնակչուհի 26-ամյա Աստղիկի համար այս տարվա գարունն անցել է դատական քաշքշուքների մեջ: Ապարանի ընդհանուր իրավասության դատարանում քննված գործի շրջանակներում Աստղիկը մեղադրվել է սուտ վկայության համար: Աստղիկն ամուսնալուծված է, ունի երկու մանկահասակ երեխա: Ամեն ինչ սկսվել է մայիսի 5-ին, երբ 26-ամյա կինը որդիներից մեկի հետ գնացել է Երևան` աշխատանք փնտրելու: Նույն օրը երեկոյան Մաստարա վերադառնալիս Ագարակ գյուղի մոտակայքում երեխայի հետ իջել է մեքենայից, որպեսզի մեկ այլ մեքենայով գնա Մաստարա գյուղ:
Գործի նյութերից տեղեկանում ենք, որ այդ պահին կնոջը մոտեցել է մի տղամարդ` Կարենը, առաջարկել տաքսիով տանել Մաստարա: Սակայն Կարենի առաջարկություններն այդքանով չեն սահմանափակվել, և նա կնոջը առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ: Աստղիկն էլ, ինչպես ինքն է ներկայացրել, ունենալով գումարի կարիք, համաձայնել է 3000 դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ Կարենի հետ:
26-ամյա կնոջ և Կարենի միջև սեռական կապը կայացել է Ագարակ գյուղի վերջնամասի ձորակում, կինն ասել է, որ իր կամքով է եղել այդ կապը և այն կրկնվել է մի քանի անգամ: Հետո գումարի չափը ավելացել է` դառնալով 4 հազար դրամ: Այնուհետև Կարենը Աստղիկին առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ իր ծանոթներից մեկի հետ, որը նկարիչ է և կվճարի ավելին, քան ինքն է վճարում` մինչև 10 հազար դրամ:
Նկարիչ ընկերոջ տանը կինն ուշքի է գալիս, տնից դուրս է փախչում, և արդեն իրենց գյուղում զանգահարում է տեղամասային ոստիկան-տեսուչին և հայտարարում, որ Ագարակի ձորակում Կարենն իրեն բռնաբարել է:
Այնուհետև նախաքննության ընթացքում պարզվել է, որ Աստղիկը սուտ վկայություն է տվել, ինչի համար էլ նրա նկատմամբ առաջադրվում է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` «սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով»:
Արագացված դատաքննության արդյունքներով, 26-ամյա Աստղիկը մեղավոր է ճանաչվում, և նրա նկատմամբ դատարանը որպես պատիժ նշանակում է ազատազրկում 2 տարի ժամկետով, սակայն կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը` «պատիժը պայմանականորեն չկիրառելը», սահմանում է փորձաշրջան 1 տարի ժամկետով: Այժմ նա գտնվում է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տարածքային բաժնի վերահսկողության տակ:
Հ. Գ. Նյութում տեղ գտած հերոսների անունները փոխված են:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են