««Սաֆարովի գործը» կլինի Ադրբեջանի համագործակցությունը Եվրոպայի հետ սահմանափակող գործոն»
«Ադրբեջանն այս պահին արդեն բավական լուրջ խնդիրներ ունի: Միջազգային մամուլը, իրավապաշտպան կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները ամենախիստ քննադատության են ենթարկում Ադրբեջանին, ինչն արդեն որոշակի արգելքներ է դնում արևմտյան գործարարների առջև` շարունակելու իրենց գործունեությունը Ադրբեջանի հետ: Այն ներկայացնում է բռնակալական մի կերպար, որի հետ համագործակցությունը պատիվ չի բերում արևմտյան գործարարներին»,- պատասխանելով Panorama.am-ի` Եվրոպական խորհրդարանի ընդունած «Սաֆարովի գործը» բանաձևի և դրա հետևանքով միջազգային ասպարեզում Ադրբեջանի հնարավոր խնդիրների մասին հարցին, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա նաև ընդգծեց, որ արդեն իսկ ֆրանսիական մամուլում քննարկվում է, թե ինչպես պետք է Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդը դիմավորի Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևին, ինչպես պետք է սեղմի նրա ձեռքը` ձեռք, որը հանցագործին հերոս է դարձնում:
«Ես վստահ եմ, որ Եվրոպական խորհրդարանի ընդունած այդ բանաձևը քաղաքական գնահատական է, որը հետագայում պետք է անընդհատ բարձրացվի և ցանկացած հարաբերութուններում ընդունվի որպես ելակետ: Այն շատ հարցերում կլինի Ադրբեջանի համագործակցությունը Եվրոպայի հետ սահմանափակող գործոն»,- նշեց քաղաքագետը:
Նա նաև նշեց, որ Ադրբեջանի համար շատ կարևոր է եղել Սաֆարովին Ադրբեջան հասցնելը և ադրբեջանական իշխանությունները Սաֆարովի գործոնը դեռ կօգտագործեն ընտրությունների նախաշեմին:
Բանախոսն անդրադարձավ Ադրբեջանի քարոզչական խնդիրներին և նշեց, որ «պաշտոնական Բաքում այսօր խնդիր ունի ապացուցելու, որ նրանց գործողությունների հիմքում հանցավոր ոչինչ չկա և փորձելու է Ադրբեջանի հետ կապված այդ կերպարը կիսել Հայաստանի հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան