ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը պատրաստակամ է աջակցել սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման գործընթացին
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք խնդիրներ այսօր քննարկվել են Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսի հանդիպման ընթացքում:
Նախարարության լրատվական վարչությունից տեղեկանում ենք, որ ողջունելով տիկին Արենսին նախարարն ընդգծել է, որ հատուկ և ներառական կրթությունը ոլորտի գերակա խնդիրներից է, ինչպես նաև անդրադարձել նախադպրոցական համակարգում ներառական կրթության կազմակերպելու հնարավորություններին: Ա.Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ այժմ ԱԺ-ում քննարկվում է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը, որում անդրադարձ կա տվյալ հարցերին.
«Ինչպես օրենքի լրամշակման, այնպես էլ հետագայում օրենքի կիրակման հետ կապված մենք կարևորում ենք միջազգային առաջավոր փորձը»,- մասնավորապես նշել է նախարարը:
Իր հերթին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը պատրաստակամություն է հայտնել այս ոլորտում շարունակել համագործակցությունը և առաջարկել Երևանի մի քանի նախակրթարաններում ներառական կրթության փորձնական ծրագրեր իրականացնել:
ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է, որ հատուկ դպրոցներում գործում է հասարակական վերահսկողության խումբ, որը նպատակ ունի պետական վերահսկողությանը զուգահեռ անկախ հասարակական մոնիթորինգի և վերահսկողության միջոցով բարձրացնել հատուկ կրթության արդյունավետությունը: Անդրադառնալով կրթական համակարգից դուրս մնացած երեխաների խնդրին՝ կողմերը նշել են երեխաների հաշվառման համակարգի բարելավման մասին, մասնավորապես, մատնանշվել է տեղեկատվության համաձայնեցումն ու փոխանակումը երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շահա գրգիռ կառույցների միջև:
Կողմերը անդրադարձել են նաև սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման հետ կապված հարցերին: Այդպես, Ա.Աշոտյանը տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է տրամադրել տարածք և թույլտվություն՝ Հայաստանում սիրիական ծրագրերով կրթություն կազմակերպելու համար, սակայն կան որոշ դժվարություններ՝ կապված անհրաժեշտ կրթական ծրագրերի և մասնագետների բացակայության հետ: Արձագանքելով նախարարի առաջարկին՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը նշել է, որ պատրաստակամ է աջակցել սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման գործընթացին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան