Երևան-Սևան մայրուղում շտապբուժօգնության բրիգադների հերթապահությունն ավարտվել է
Երևան-Սևան մայրուղու չորս հատվածում շտապ բժշկական օգնության բրիգադների լրացուցիչ հերթապահություններն ավարտվել են, տեղեկացնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Բժիշկների հերթապահություններն իրականացրել են Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության բրիգադները հուլիսի 27-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում:
Ըստ աղբյուրի, լրացուցիչ հերթապահությունների ընթացքում ՀՀ Կոտայքի մարզի վարչական սահմաններում անհրաժետ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել 24, իսկ ՀՀ Գեղարքունիքի մարզի վարչական սահմաններում` 6 դեպքում: Երևան-Սևան մայրուղում լրացուցիչ հերթապահությունների ժամանակ հենակետերում հերթապահող շտապ բժշկական օգնության բրիգադներին դիմել են հիմնականում հիպերտոնիկ կրիզի, թունավորման, արևահարության, ալերգիկ վիճակի, միջկողային նևրալգիայի, հիպերթերմիկ սինդրոմի կապակցությամբ։