Իգդիրի սահմանամերձ ճանապարհն ասֆալտապատվում է սահմանի բացման նպատակո՞վ
Թուրքիայի Իգդիր նահանգի Քարաքոյունլու շրջանի Ալիջան գյուղի բնակիչների մոտ տարակուսանք է առաջացրել ճանապարհների ասֆալտապատումն ընդհուպ մինչև Ալիջանի սահմանային անցակետ: Ալիջանցիները ենթադրում են, որ թուրքական իշխանությունները դրանով նախապատրաստվում են հայ-թուրքական սահմանի Ալիջանի անցակետը բացելուն:
Գյուղացիներից մեկը թուրքական «Սոն դաքիքա» (Sondakika) լրատվական կայքի թղթակցին ասել է, որ իրենք չենք ցանկանում սահմանի բացում Հայաստանի հետ, քանի դեռ հայերը չեն վերադարձրել, իբր թե ադրբեջանցիների զավթած հողերը: Իսկ ճանապարհաշինարարները լրատվամիջոցին հայտնել են, որ ուղղակի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում երթևեկը բարելավելու նպատակով:
Թեմայի վերաբերյալ կարծիք է հայտնել Թուրքիա-Ադրբեջան միության Իգդիրի մասնաճյուղի ղեկավար Սերդար Ունսալը:
«Մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է զրոյական մակարդակից 7սմ հաստությամբ ասֆալտապատվում ճանապարհը: Եվ դա այն դեպքում, երբ դրա կարիքը չկար, ճամփան ասֆալտապատ և նորոգ վիճակում էր: Չենք հասկանում, թե ինչու են որոշ ճանապարհահատվածներ լայնացվում: Էրդողանը խոսք էր տվել, որ մինչև հայերը տարածքները չվերադարձնեն, սահմանը չի բացվի, բայց վախենում ենք, որ այս ճանապարհի ասֆալտապատումը կրկին կարող է օրակարգ բերել Ալիջանի սահմանային անցակետի հարցը»,- մտահոգություն է հայտնել Ունսալը:
Նշենք, որ Իգդիրը գտնվում է Մասիսից հյուսիսարևմուտք, Արարատյան դաշտի հարավային մասում, Արաքսի աջ կողմում, Երևանից մոտ 40 կմ հեռավորության վրա։ Հնում Իգդիրն իր շրջակայքով կազմում էր Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի Ճակատք գավառը: Ներկայումս այստեղ բնակչության գերակշիռ մասը կազմում են էթնիկ ադրբեջանցիները: Իգդիրի Ալիջան գյուղը սահմանակից է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մարգարա գյուղին: Սահմաններն իրար միացնում է Արաքս գետի վրայի կամուրջը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները