«Ժողովուրդ». «Արտգործնախարարությունն ընդհանրապես կարելի է փակել»
«Ժողովուրդը» գրում է «Իշխանությունները վերջապես խոստովանեցին, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը դառնալու է հյուրանոց: Նախօրեին նման հայտարարություն է արել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ ԱԳՆ-ի համար կառուցվելու է նոր շենք արդարադատության նախարարության նախկին շենքի տեղում»: Թերթը հիշեցնում է, որ դեռևս 2011-ի սեպտեմբերի 23-ին` մոտ մեկ տարի առաջ էր տեղեկացրել, որ կառավարությունը մտադիր է 500 մլն ԱՄՆ դոլարով վաճառել ԱԳՆ-ի շենքը «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցին: Սակայն և´ կառավարությունը, և´ ԱԳՆ-ն, և´ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը տենդագին հերքում էին այդ լուրերը` բացառելով նման զարգացումները: Մինչդեռ այսօր արդեն խոստովանում են` ԱԳՆ շենքը դառնալու է հյուրանոց: «Դե իհարկե, Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խայտառակ պատմությունից հետո ընդհանրապես կարելի էր փակել այդ նախարարությունը»,- եզրափակում է թերթը: