Ռ. Կիրակոսյան. Հայաստանը տարածաշրջանում միակ պետությունն է, որը կայուն է
«Արաբական գարունը նոր փուլ է մտնում: Մենք տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում գտնվող մի շարք երկրների կառավարութունները շատ թույլ են: Անկայունությունը Հայաստանի ընդլայնված տարածաշրջանում ավելի է մեծանում»,- այսօր անդրադառնալով տարածաշրջանային գործընթացներին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Բանախոսի համոզմամբ` Մերձավոր Արևելքում, Իրանում և Թուրքիայում, ինչպես նաև Ռուսաստանում և Հարավային Կովկասում իրավիճակը դառնում է չափազանց անկայուն:
«Այս համատեքստում Հայաստանը տարածաշրջանում միակ պետությունն է, որը կայուն է: Այսինքն` Հայաստանը կայուն է ոչ միայն Ադրբեջանաից, այլև տարածաշրջանի մյուս պետություններից: Այս ռազմավարական կարևորությունը պահպանելու համար պետք է ունենալ ավելի խորը ժողովրդավարություն և ավելի մեծ տնտեսական բարեփոխումներ»,- նշեց քաղաքագետը:
Այնուհետև նա անդրադարձավ Հայաստանում ընթացող ՀԱՊԿ զորավարժություններին և ասաց. «Այս զորավարժությունները շատ ավելի կարևոր են Ռուսաստանի համար, քան Հայաստանի: Իսկ Հայաստանի համար դրանք կարևոր են երկու պատճառով: Առաջին հերթին դրանք կարևոր են այն առումով, որ սա այն ուղիներից մեկն է, որով կարող ենք ուղերձ հղել Ադրբեջանին և հիշեցնել այն մասին, որ տարածաշրջանում Հայաստանն ամենաուժեղ ռազմական պետությունն է»:
Ըստ բանախոսի` երկրորդ պատճառն էլ այն է, որ սա ցույց է տալի, որ Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր է և որ Հայաստանը Ռուսաստանի միակ վստահելի դաշնակիցն է: