ԱԳՆ.Արցախի բնակչությունը չի կարող ապահով զգալ այն երկրում, որտեղ ոստիկանները Սաֆարովին որպես օրինակ են ընդունում
«Բրիտանիան մեծագույն սատարողներից է և Կոսովոյի, և Ֆոլկլենդյան կղզիների ինքնորոշման: Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Վիլյամ Հագը նույնպես նշել էր, որ ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրության անկյունքարային սկզբունքներից մեկն է: Կարո՞ղ ենք փաստել, որ երբ ինքնորոշման իրավունքը բխում է Բրիտանիայի շահերից, այն գերակա է, իսկ երբ ոչ` Բրիտանիան ունի այլ մոտեցում ինքնորոշման իրավունքի վերաբերյալ»:
Այսօր հայ լրագրողներից մեկը ասուլիսի ժամանակ նման հարց ուղղեց պաշտոնական այցով Երևանում գտնվող Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնին:
Նախարարը հասկացավ հարցի ենթատեքստը. «Հարցը Լեռնային Ղարաբաղի մասին է, չնայած դուք Լեռնային Ղարաբաղի անունը չհիշատակեցիք»:
Դեյվիդ Լիդինգտոնը նշեց, որ Կոսովոյի անկախությունը ՄԱԿ-ի 1044 բանաձևի սուբյեկտն է: Նա նկատեց, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվող սկզբունքներից մեկն է:
«Ինքնորոշման իրավունքը ներառված է Մինսկի խմբի կողմից առաջարկվող փաթեթում: Մենք պետք է աշխատենք, ամբողջ փաթեթն առաջ տանելու համար»,-ասաց նախարարը:
Լրացնելով բրիտանացի գործընկերոջ խոսքը, Նալբանդյանն ընդգծեց. «Ինքնորոշման իրավունքը բխում է ՄԱԿ-ի կանոնադրության` ոչ միայն գլխավոր նպատակ լինելուց, ոչ միայն որպես միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունք, այլև մեծ նշանակություն ունի անվտանգության առումով: Արցախի ժողովուրդը չի կարող իրեն ապահով զգալ մի երկրի մեջ, որտեղ զինվորները դիպուկահարների դասընթացների ժամանակ շարունակաբար կրակում են մի թիրախի վրա, որի ճակատին հայ է գրված:
Արցախի բնակչությունը չի կարող ապահով զգալ, երբ այդ երկրի ոստիկանները Սաֆարովի նման մարդասպաններին որպես օրինակ են ընդունում: Անվտանգության գործոնը վերջին տարիներին ինքնորոշում ստացած ժողովուրդների համար կարևորագույնն է եղել: Եվ այստեղ միացել են, կարող եմ ասել, բոլոր գործոնները` թե որպես ՄԱԿ-ի կանոնադրության նպատակ, թե որպես միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունք, թե Արցախի ժողովրդի անվտանգության գործոնը»: