Տարեկան կտրվածքով 3-4%-ով վերականգնվում է օզոնի շերտը
Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի /UNEP/ և Օզոնի քարտուղարության կողմից ` շնորհվել է պատվոգիր՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության 25-ամյակի կապակցությամբ: Նշենք, որ սեպտեմբերի 16-ը նշվում է որպես օզոնային շերտի պաշտպանության միջազգային օր: 1987 թ. այդ օրը ընդունվել է Մոնրեալյան արձանագրության շնորհիվ:
Բնապահպանության նախարարության օզոնի շերտի պահպանության կոնվենցիայի համակարգող Ասյա Մուրադյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ բնապահպանության նախարարությունն այս պատվոգրին է արժանացել գալիք սերունդների համար օզոնային շերտը պահպանելու գործում էական ներդրման, օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինմանն ուղղված շարունակական և հետևողական աշխատանքի շնորհիվ: Նա նշեց, որ 1999թ. ՀՀ-ը վավերացրել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիան, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը և պարտավորվել է մինչև 2010թ. 100%-ով դուրս բերել գործածումից օզոնաքայքայիչ առավել վտանգավոր նյութերը: Նշվեց նաև, որ 2006թ. ընդունվել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքը, իսկ 2007թ.` այդ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը, իսկ 2010թ.-ի հունվարի 1-ից դադարել է ՀՀ տարածք առավել վտանգավոր օզոնաքայքայիչ նյութերի ներմուծումը:
Ա.Մուրադյանը նշեց, որ հանրապետության ամբողջ տարածքում իրազեկման բազմաթիվ և բազմաբնույթ սեմինարներ են անցկացվել օզոնային շերտի պահպանության մասին: Սեմինարներն ուղեկցվել են միջոցառումների մասնակիցներին համապատասխան գրականության բաշխմամբ:
Նրա խոսքերով՝ Օզոնաքայքայման նյութերը օգտագործվում են սառնարանների, օդորակիչների արտադրության մեջ, ինչպես նաև դեզոդորանտներում, մազի լաքերում և այլն:
Հարցին, թե ինչպիսի՞ն է այսօր օզոնի շերտի վիճակը, Ա. Մուրադյանը նշեց, որ 2010թ-ից հիմնական Օզոնաքայքայիչ նյութերը չեն արտադրվում, ուստի տարեկան կտրվածքով 3-4%-ով վերականգնվում է օզոնի շերտը, որը կարելի է համարել դրական ցուցանիշ, ընդ որում՝ այդ 4%-ից 2%-ը օզոնի շերտի ինքնավերականգման շնորհիվ է ստացվում: Ըստ նրա՝ գիտնականները հաշվարկել են, որ եթե այսպես շարունակվի և իրականացվեն Մոնրեալյան արձանագրությամբ ստանձնած պարտավորությունները, ապա 2065 թ-ին օզոնային շերտը կլինի այնպիսի վիճակում, ինչպիսին կար 1950-60 թվականներին:
Ինչ վերաբերում է տիեզերագնացությանը, ապա Ա.Մուրադյանը նշեց, որ ըստ ուսումնասիրությունների՝ այն ևս քայքայում է օզոնի շերտը, բայց քիչ, քանի որ օզոնի շերտի տվյալ քայքայված հատվածն անմիջապես վերականգնվում է:
Նա նաև հայտնեց, որ օզոնային շերտի վրա ատոմականյանի գործունեությունը վատ ազդեցություն չունի: Ըստ նրա՝ օզոնի շերտի վրա բացասական ազդեցություն է ունենում հիմնականում կլիմայի փոփոխությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա