Վահագն Խաչատրյանը կենսաթոշակները հափշտակել է բարեկամների հետ. Նոր մանրամասներ թոշակների թալանի գործից
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում շարունակվում է կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 18-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 24 անձանց, որոնցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Կալանավորված անձանցից 5-ը սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցներ են, իսկ 2-ը՝ տվյալ ծառայության պաշտոնատար անձի բարեկամներ, որոնց միջոցով պետությունից խարդախությամբ հափշտակվել են խոշոր չափերի գումարներ:
Ըստ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վահագն Խաչատրյանը, օժտված լինելով կենսաթոշակների և սոցիալական առանձին ծրագրերի շտեմարանները տարածքային բաժիններից ստանալու, գրանցելու, ձևավորված շտեմարանը վերահսկելու, տվյալների տրամադրումը կառավարելու լիազորություններով, իր քրոջ ամուսնու՝ Ա. Խաչատրյանի, ինչպես նաև կնոջ քրոջ ամուսնու՝ Բ.Մուրադյանի հետ 2007-2008թթ. Խարդախությամբ պետությունից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 15 մլն դրամ կենսաթոշակի գումարներ: Մասնավորապես՝ բաժնի պետը կենսաթոշակառուների շտեմարաններից ընտրել և առանձնացրել է տևական ժամանակ կենսաթոշակ չստացած կենսաթոշակառուների և նրանց վճարման ենթակա գումարների տվյալները, ապա նրանց անունից, իբրև տարածքից բացակայողների, ներկայացրել է կեղծ դիմումներ՝ կենսաթոշակի վճարումը վերսկսելու և կուտակված գումարները ստանալու վերաբերյալ, իսկ քրոջ ամուսինն ու կնոջ քրոջ ամուսինը, ներկայանալով որպես կենսաթոշակառուների վստահված անձինք, խաբեությամբ ստացել են այդ գումարները:
Մեկ այլ դրվագով բավարար ապացույցներ են ձեռք բերվել «Շենգավիթ -1» տարածքային բաժանմունքի պատասխանատուի կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես՝ վերջինիս հանձնարարությամբ տեսուչ-վճարողները պարզել են Հայաստանից բացակայող կամ կենսաթոշակների վճարային ցուցակներից չհանված հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները և կեղծելով նրանց ստորագրությունները՝ ելքագրել են կենսաթոշակների գումարներն ու յուրացրել:
Նման մեխանիզմով չարաշահումներ են հայտնաբերվել նաև «Խորհրդային-1» տարածքային ստորաբաժանման վճարող տեսուչների կողմից:
Նախաքննության ընթացքում 24 մեղադրյալների կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը գնահատվել է 72.204.048 մլն ՀՀ դրամ, որից նախաքննության փուլում վերականգնվել է 36.305.936 մլն ՀՀ դրամը:
Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք և կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
Սեպտեմբերի 18-ի դրությամբ քրեական գործից անջատվել և դատարան են ուղարկվել 3 քրեական գործեր՝ 12 անձանց վերաբերյալ, որոնցով կայացվել են մեղադրական դատավճիռներ: Դատարան ուղարկված քրեական գործերով պետության պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 14 մլն դրամ, որից վերականգնվել է ավելի քան 12 մլն դրամը:
Կենսաթոշակների գործով 7 անձ կալանավորվել է, իսկ մեկի նկատմամբ հայտարարվել հետախուզում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները