Հմայակ Հովհաննիսյանին ոգևորել է Սերժ Սարգսյանի ելույթը
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին կառավարությունում տեղի ունեցած հայտնի խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթը ոգևորել է:
«Նախագահը շատ համոզիչ, շատ ցցուն խոսեց», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում խորհրդակցության վերաբերյալ իր կարծիքն ասաց քաղաքագետ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, եթե մի երկու տարի առաջ նման գնահատականներ հնչեին կառավարության գործունեության վերաբերյալ, ապա այժմ իրավիճակն այլ կլիներ: «Պետական ապարատը ստիպված կլիներ իր աշխատանքներում անհրաժեշտ կոռեկտիվներ մտցնելով `զերծ մնալ այն ճչացող խայտառակ արատներից, որոնց մասին այդքան համոզիչ ձևով արտահայտվեց երկրի նախագահը», -հավելեց Հովհաննիսյանը:
Ընդդիմադիր հատվածից հնչող այն կարծիքները, թե կառավարությունում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած խորհրդակցությունը «թատերական բեմականացում էր», Հմայակ Հովհաննիսյանը չի ընդունում, ավելին դրանք անլուրջ է համարում:
«Նախագահի խոսքը չի կարող թատերականություն լինել: Նախագահը ինստիտուտ է և նախագահի ինստիտուտը ներկայացնող անձի շուրթերից հնչող գնահատականները մեծ պարտավորություն են դնում, թե այդ ինստիտուտի վրա, թե այդ ինստիտուտի բոլոր ստորաբաժանումների վրա, և ասել, որ դա թատերականություն է, դա լուրջ չէ, որովհետև սա նախագահի խոսք է», -հայտարարեց Հովհաննիսյանը:
Նա նշում է, որ եթե ընտրություններից առաջ այս ամիսների ընթացքում կառավարությունը «անհրաժեշտ շտկումներ» չմտցրեց իր գործունեության մեջ, ապա այն մինչև նախագահական ընտրություններ չի կարող աշխատել:
«Կառավարությունը պետք է շտապ քայլեր ձեռնարկի իր գործունեությունը համապատասխանեցնի այն պահանջներին, որոնք ներկայացրեց երկրի ղեկավարը: Դրա համար երկրին մեծ վնաս են հասցնում այն մարդիկ, որոնք այսօր ասում են, որ սա թատերական ներկայացում էր: Եթե այդ մարդիկ մեր երկրի լավն են ուզում, ապա պետք է ասել, որ այս ամենը նախագահի համար պարտավորեցնող գնահատականներ են: Եթե ինքն այդ ամենին հետամուտ չլինի, կհեղինակազրկի նախագահական ինստիտուտը: Պետք է ասել, որ սա իսկապես բեկումնային իրադարձություն է», -հավելեց Հմայակ Հովհաննիսյանը:
Հմայակ Հովհաննիսյանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընդգրկվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի անցողիկ տեղերում: Սակայն, ինչպես ինքն էր հայտարարել, ԲՀԿ նախագահի ստիպելով նա ինքնաբացարկ հայտնեց և չգնաց խորհրդարան:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան