Ավարտվեցին «Փոխգործակցություն 2012» համատեղ զորավարժությունները (լուսանկարներ)
Մարշալ Բաղրամյանի անվան ռազմական վարժարանում ավարտվեցին ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2012» համատեղ զորավարժությունները: Ինչպես Արմավիրից տեղեկացնում է Panorama.am-ի թղթակիցը, այս պահին ընթանում է արդյունքների ամփոփումը, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ ընթանում է զորավարժություններին մասնագիտորեն բարձր մակարդակ ցույց տված զինվորականների պարգևատրման արարողությունը:
Զորավարժությունների մասնակիցները պարգևատրվում են ՀԱՊԿ հատուկ շքանշանով, հատուկ պատվոգրերով և հուշանվերներով: Պարգևները հանձնել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Ըստ զորավարությունների նախնական արդյունքների՝ արագ արձագանքման համալիր հավաքական ուժերը ի վիճակի են ոչ միայն տեղայնացնել և ոչնչացնել ցանկացած ագրեսիա, այլ նաև կանխել դրանք:
Նշենք, որ ըստ զորավարժությունների սցենարի՝ զորավարժարանը բաժանվեց երկու մասի՝ պայմանականորեն «Սևանիա» և «Զանգերիա»: Ըստ սցենարի՝ «Զանգերիան» ահաբեկիչներ է ուղարկում հարևան երկիր՝ իրավիճակը ապակայունացնելու նպատակով, որից հետո անցնում է պետական սահմանը: «Սևանիան» օգնության խնդրանքով դիմում է ՀԱՊԿ երկրներին:
Վարժությունները ընթանում են երեք տարածքներում: Առաջին տարածքում ուղղաթիռների և հատուկ նշանակության ջոկատների դեսանտային զորքերի մասնակցությամբ տեղի է ունենում ահաբեկչական խմբավորման տեղայնացնում և ոչնչացում, խաղաղ բնակակչության և գերիների ազատ արձակում, ինչպես նաև առաջին բուժօգնության ցուցաբերում և փրկարարական այլ աշխատանքեր, նաև քիմիկան և այլ տեխնածին վտանգների կանխարգելում:
Երկրորդ և երրորդ տարածքներում փորձարկվեցին հակառակորդի զորքերի կանգնեցման և ջախջախման գործողություններ՝ տանկային, հրետանային, հետևակային, ավիացիայի և ցամաքային այլ ստորաբաժանումների մասնակցությամբ: Ցուցադրվեց նաև շարքից դուրս եկած տեխնիկայի էվակուացման գործընթացը:
Հիշեցնենք, որ զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ անդամ վեց երկրների մոտ 2 հազար զինծառայողներ: Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 15-ից մեկնարկած «Փոխգործակցություն 2012» զորավարժություններին մասնակցում են շուրջ 2000 զինվորական և ներգրավված է շուրջ 500 ռազմական տեխնիկա:
Նախորդող՝ Մեկնարկեցին «Փոխգործակցություն 2012» համատեղ զորավարժությունները http://panorama.am/am/society/2012/09/19/hapk/
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները