«Հայկական ժամանակ». «Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների մի խումբ»
«Հայկական ժամանակ»-ին մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանում ահաբեկչական հնարավոր գործողության վերաբերյալ ՀՀ իրավապահների ունեցած տեղեկությունների մասին: Ըստ այդմ, Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների մի խումբ:
Ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական այդ կազմակերպության գրոհայինների ներթափանցման մասին լուրը, ըստ էության, չի հերքել ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը: «Ես չեմ մեկնաբանում այդ տեղեկությունները: ԱԱԾ-ի աշխատանքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում օրենքով վերապահված բոլոր գործառույթները` ուղղված ահաբեկչության դեմ պայքարի հարցերին: Այնպես որ` անհանգստության որևէ առիթ չկա»,- թերթի թղթակցի հարցին ի պատասխան ասել է Բաղրամյանը:
Ահաբեկչական խմբի և հնարավոր ահաբեկչական գործողության մասին մանրամասներ պաշտոնապես ճշտել չի հաջողվել: Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, իրավապահները չեն կարողանում պարզել` ահաբեկիչներն ապօրինի՞ են հատել ՀՀ սահմանը և այժմ թաքնվում են ինչ-որ տեղ, թե՞ Հայաստան են եկել որպես, ասենք, զբոսաշրջիկներ: Թերթը նշում է, որ ՀՀ ոստիկանության, ԱԱԾ-ի և այլ ծառայությունների հատուկ ստորաբաժանումները արդեն մի քանի օր է` աշխատում են «զորանոցային» ռեժիմի պայմաններում: