Մեծ հնարավորություն է` Հայաստանում վերադարձ կատարել դեպի հոգևոր երաժշտություն. Մանսուրյանը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մասին
Երևանի Կոմիտասի անվան զբոսայգի-պանթեոնում հանրությանը ներկայացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքային համալիրի նախագիծը, որին ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Հիշյալ հաստատության հիմնման գաղափարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանինն է, ում հանձարարությամբ մշակվել է համալիրի կառուցման նախագիծը: Այն կունենա թանգարանային մաս, գիտահետազոտական կենտրոն, համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան և հրատակչություն:
Թանգարան-ինստիտուտը կզբաղեցնի զբոսայգում գտնվող նախկին Մշակույթի պալատի շենքը, որը անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ կառավարությանն է տրամադրել «Հայաստան համահայկական հիմնադրամը»՝ իր հոգաբարձուների խորհրդի մայիսին կայացած որոշմամբ: Կառուցապատման ծախսերը հոգում է «Փյունիկ» հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ:
Ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ներկայացնելով իր կողմից հեղինակած նախագիծը՝ խոստացավ, որ 10 ամիս անց թանգարանը կբացի իր դռները հանրության առջև: Ճարտարապետը շեշտեց, որ Կոմիատասի անվան ինտիտուտ-թանգարան ունենալը Երևանի համար շատ կարևոր հրամայականներից մեկն էր, ուստի նա այդ գործին մեծ ջանքերով է լծվել:
Ըստ Ա.Մեսչյանի՝ նորակառույց շենքը իր մեջ կընդգրկի նախկինում այստեղ գտնվող մշակութային պալատի շենքը և կպահպանի նախորդ ճարտարապետական լուծումները: Նշվեց նաև, որ շենքը երկհարկանի է և ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 3000 քմ:
«Մենք ուզում ենք, որ այն լինի ոչ թե զուտ հուշարձան, այլ իսկական թանգարան-ինստիտուտ, լինի ժողովրդինը»,- ընդգծեց Ա.Մեսչյանը:
Ճարտարապետը հույս հայնտեց, որ թանգարանը կունենա այնպիսի պրոֆեսիոնալ ղեկավարություն, որը կկարողանա հավաքել աշխարհով մեկ ցրված Կոմիտասի իրերը, ստեղծագործությունները և գտածոն կծառայի Հայաստանի մշակույթի զարգացմանը:
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարևորեց Հայաստանում նման կենտրոնի բացումը՝ զարմանք հայտնելով, որ մինչ օրս մեր երկրում նման կառույց չկար: Նա հույս հայտնեց, որ թանգարան-ինստիտուտը հնարավորություն կտա նոր զարկ հաղորդելու հայ հոգևոր կյանքին: Բացի այդ, ըստ նրա, այդ հաստատության բազմաֆունկցիոնալությունը շատ այցելուներ կբերի:
Թանգարան-ինստիտուտի բացման կապակցությամբ մեծ գոհունակություն հայտնեց նաև ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ կարևորելով այն, որ նման գիտամշակութային օջախի հիմնումը կնպաստի աշխարհով մեկ ցրված՝ Կոմիտասի ստեղծագործությունների մեկ տեղում հավաքմանն ու մշակմանը:
Կոմպոզիտորի խոսքերով՝ սա մի մեծ հնարավորություն է Հայաստանում վերադարձ կատարել դեպի հոգևոր երաժշտություն:
«Կա երկու երաժշտություն՝ աշխարհիկ և հոգևոր: Աշխարհիկ երաժշտությունը մենք գիտենք շնորհիվ Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, բայց այսօր, երբ արդեն Հայաստանը անկախ պետություն է, ստեղծված են նաև մեծ հնարավորություններ հոգևոր երաժշության համար: Ցավոք, այսօր մեզ հետ չէ Լուսինե Զաքարյանը, ով արդեն ազատ կարող էր երգել հոգևոր երգեր՝ առանց որևէ վախի»,- ասաց Տիգրան Մանսուրյանը:
Նախագծի ներկայացման արարողությանը կատարումներով հանդես եկան Կոմիտասի անվան պետական լարային քառյակը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Գեղարդ» խումբը, «Կարին» երգի և պարի համույթը: Նշենք, որ միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հայ անվանի մաշակութային գործիչներ, արվեստաբաններ, կոմպոզիտորներ և այլոք:
Նշենք, որ նաև, որ ցուցադրվեց ֆիլմ, որը մանրամասն ներկայացնում է թանգարան-ինստիտուտի նախագիծը: