Հանրային գրադարանի շինաշխատանքների վերաբերյալ նյութերը կհանձնվեն իրավապահ մարմիններին. Քաղշիննախարարությունում ձգում են գոտիները
Կառավարությունում սեպտեմբերի 15-ին Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը օրերս այցելել է Հանրային գրադարան և գրադարանի տնօրինության հետ հանդիպումից ու շինաշխատանքներին ծանոթանալուց հետո, քաղաքաշինության նախարարը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում ամփոփել ուսումնասիրությունները և նյութերը հանձնել իրավապահ մարմիններին:
Այդ մասին տեղեկանում ենք քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքէջից:
Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ Հանրային գրադարանում կատարված շինարարական աշխատանքների ընթացքը պարզելու նպատակով արդեն երկրորդ շաբաթն է, ինչ ուսումնասիրություններ է իրականացվում նախարարությունում ստեղծված հանձնաժողովի կողմից:
Բացի այդ, նույն աղբյուրը նաև տեղեկացնում է, որ սեպտեմբերի 18-ին քաղաքաշինության նախարարության գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նախարար Սամվել Թադևոսյանն անդրադարձել է Քաղաքաշինական ԾԻԳ-ի կողմից անցկացվող մրցույթների բաց, թափանցիկ կազմակերպման անհրաժեշտությանը:
Ըստ աղբյուրի, նախարարը հանձնարարել է անմիջական իր հսկողությամբ և փոխնախարար Ալեքսան Կարապետյանի գլխավորությամբ ստեղծել հանձնաժողով, որը կիրականացնի Քաղաքաշինական ԾԻԳ-ի կողմից կազմակերպվող մրցույթների և շինարարական աշխատանքների ամենօրյա օպերատիվ հսկողությունը, ինչպես նաև կապահովի ԾԻԳ-ի գործունեության բաց և թափանցիկ գործելաոճը:
Թադևոսյանը կարևորել է մրցույթների անցկացման ժամանակ զանգվածային լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը, հանձնարարել մրցույթների հրապարակայնությունն ապահովելու նպատակով` մրցույթների անցկացումը օն-լայն ռեժիմով ցուցադրել համացանցում:
Նույն օրը նախարար Թադևոսյանը խորհրդակցություն է անցկացրել նաև Քաղաքաշինական ԾԻԳ-ի անձնակազմի հետ` խստագույնս զգուշացնելով, որ նախարարությունը հետևողական է լինելու թերացումների ու չարաշահումների նկատմամբ և խիստ միջոցներ է ձեռնարկելու ցանկացած փոքր փաստի հայտնաբերման դեպքում:
Թադևոսյանը, փոխանցելով հանրապետության նախագահի նախորդ շաբաթ կառավարության խորհրդակցության ժամանակ հնչեցրած հանձնարարականը շեշտել է, որ թերացումների դեպքում այլևս զուտ աշխատանքից ազատելը կամ կշտամբելը բավարար չի լինելու, թերացողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են