Սերժ Սարգսյան. Մենք ապացուցելու շատ բան ունենք
«Մենք պարտավոր ենք ապացուցել, որ ունակ ենք ոչ միայն պաշտպանվել արտաքին թշնամուց, այլև արդյունավետորեն կազմակերպել մեր պետական ու հասարակական կյանքը՝ հանրային ծառայություններից մինչև տնտեսություն, արդարադատությունից մինչև կրթություն, առողջապահություն»,-այսօր ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ պարգևատրման արարողության ժամանակ շնորհավորական խոսքում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հարգելի՛ տիկնա՛յք և պարոնա՛յք,
Գեներալնե՛ր, սպանե՛ր,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ և հայրենիքի բարձր պարգևներին, պատվավոր կոչումներին արժանանալու առթիվ:
Այս պարգևները ձեր ազնիվ աշխատանքի և անձնվեր ծառայության արձանագրումն են, ինչպես նաև մեր ժողովրդի երախտիքի արտահայտությունը:
Մեր ձգտումն է, որ Հայաստանում յուրաքանչյուրն իր տեղում աշխատի այնպես, ինչպես դուք եք աշխատում։ Պատկերացնո՞ւմ եք, թե այդ պարագայում մեր երկիրը ինչպիսի տեմպերով կարող է զարգանալ: Պետական բարձր պարգևների և կոչումների իմաստը ես այստեղ եմ տեսնում. ի ցույց դնել հանրությանը նրանց, ովքեր իրենց գործով ու կերպարով ամեն օր ապացուցում են շատ կարևոր ճշմարտություններ թե՛ իրենց, թե՛ իրենց շրջապատին, և թե՛մեր ողջ հասարակությանը։
Իսկ մենք ապացուցելու շատ բան ունենք։ Մենք պարտավոր ենք ապացուցել, որ ունակ ենք ոչ միայն պաշտպանվել արտաքին թշնամուց, այլև արդյունավետորեն կազմակերպել մեր պետական ու հասարակական կյանքը՝ հանրային ծառայություններից մինչև տնտեսություն, արդարադատությունից մինչև կրթություն, առողջապահություն:
Մենք պարտավոր ենք շատ բան ապացուցել թե՛ մեզ, թե՛աշխարհին։ Ոմանց այս արտահայտությունը կարող է շատ հավակնոտ թվալ, բայց մենք չպետք է մոռանանք, որ մեր ուժեղ կամ թույլ լինելուց է կախված ոչ միայն մեր կենցաղը, այլև տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։ Կախված են շատ բաներ, որոնք բխում են առանցքային այդ բառից՝ խաղաղություն։
Սիրելի՛ պարգևատրվածներ,
Դուք հենց այն մարդիկ եք, որոնցով մեր ժողովուրդն ու երկիրը դառնում են ավելի հասուն, ավելի զարգացած, մեծ հաշվով՝ ավելի ուժեղ ու անխոցելի, և հայրենիքը շնորհակալ է ձեզ դրա համար։
Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ տոնի և պարգևատրման առիթներով: Շնորհակալություն ձեզ՝ ձեր ազնիվ վաստակի համար և նոր հաջողություններ ձեր գործունեության մեջ»,-ասված է երկրի ղեկավարի խոսքում:
Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, ինչպես նաև շնորհվել են պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ:
Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած բազմաթիվ անձանց Հանրապետության նախագահն այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ հանձնել է պարգևները, շնորհավորել և մաղթել հաջողություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա