Հայաստանը կմասնակցի Տոկիոյում կայանալիք «JATA» միջազգային զբոսաշրջային ֆորումին
Սեպտեմբերի 20-23-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կմասնակցի Տոկիոյում կայանալիք «JATA» միջազգային զբոսաշրջային ֆորումին: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի hանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ «Զբոսաշրջային գործակալների ճապոնական ասոցիացիայի» կողմից կազմակերպվող այս ցուցահանդեսը Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են ավելի քան 150 երկրների զբոսաշրջային կազմակերպություններ և կառավարության ներկայացուցիչներ:
Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի ներկայացվածությունը ասիական շուկայում, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատել և նպաստել ներգնա զբոսաշրջության աճին:
ՀԱՄՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ճապոնիայի զբոսաշրջության կազմակերպության ղեկավարության հետ՝ քննարկելու երկկողմանի զբոսաշրջային շփումները որակապես նոր մակարդակի բարձրացման հնարավորությունները: