Հայաստանի Հանրապետությունը 21 տարեկան է
Անկախության միշտ ձգտած, բայց պատմական տարբեր իրադարձությունների պատճառով տարբեր ժամանակաշրջաններում անկախությունը կորցրած հայ ժողովուրդն արդեն 21 տարի է ապրում է անկախ Հայաստանի Հանրապետությունում:
Այսօր տոն է հայկական յուրաքանչյուր ընտանիքում: Այսօր տոն է յուրաքանչյուր հայի սրտում: Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության տոնն է, անկախություն, որը Հայաստանը կերտեց իր համար պատմականորեն բավականին դժվար ժամանակաշրջանում, բայց կարողացավ այն դնել ամուր հիմքերի վրա. անկախ պետականությունն ամրապնդվեց ու զարգացավ` հաղթելով պատերազմում ու հաղթահարելով շրջափակման հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ծանրագույն պայմանները:
Անկախության 21-րդ տարեդարձը Հայաստանի Հանրապետությունը դիմավորում է որպես զարգացման ժողովրդավարական ուղի բռնած, տարածաշրջանում կայունության և անվտանգության ձգտող պետություն: ՀՀ Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը ՀՌՉԱԿՈՒՄ է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:
Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով, խորհրդարանը որոշեց 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
«Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն ՀայաստանիՀանրապետության սահմանադրությունը և օրենքները»,- նշված է ՀՀ Անկախության հռչակագրում:
Հետևելով ու առաջնորդվելով ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով, մենք կարող ենք մեր անկախ պետությունն էլ ավելի զարգացնել ու դարձնել այնպիսի երկիր, որի մասին երազում է յուրաքանչյուր հայ: