Ֆիլիպ Գորդոն. ԱՄՆ-ն «բավարարված չէ» Բաքվի ու Բուդապեշտի` Սաֆարովի գործի վերաբերյալ հնչեցրած բացատրություններից
«ԱՄՆ-ն «բավարարված չէ» Բաքվի ու Բուդապեշտի՝ Սաֆարովի գործին վերաբերող բացատրություններից»,-«Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայության հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ-ի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։
Պարբերականը նշել է, որ վերջինս նման տեսակետ է հայտնել սեպտեմբերի 20-ին անցկացված Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի «ԱՄՆ- Կենտրոնական Եվրոպա Ռազմավարության ֆորում»-ի շրջանակներում:
Ֆ.Գորդոնը նաև նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է «մտահոգություն ու հիասթափություն» արտահայտել Բուդապեշտին` ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Բաքվին արտահանձնելու առիթով: Ֆ. Գորդոնն ասել է, որ Վաշինգտոնը նույն «մեսիջն» է հղում նաև Ադրբեջանի իշխանություններին, որոնք ներում են շնորհել նրան ու հերոսի կոչում շնորհել:
«Մենք ցնցված ենք այն մարդու մեծարումից, ով դատապարտված է եղել սպանության համար», - հավելել է Գորդոնը: Նա Սաֆարովի գործն անվանել է «իսկական սադրանք տարածաշրջանում»:
Պարբերականը նաև հիշեցնում է, որ ԵՄ-ն, ԵԱՀԿ Մինսկի խումբը, Ռուսաստանը և Հունգարիան նույնպես իրենց մտահոգություն են արտահայտել Սաֆարովի ներման և աջակցման կապակցությամբ: