Ռուբեն Հայրապետյանը դեռ պատգամավոր է. նրա դիմումը հետ վերցնելու ժամկետը չի լրացել
«Երեկվա դրությամբ Ռուբեն Հայրապետյանն իր դիմումը հետ չի վերցրել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանը:
Հիշեցնենք, սեպտեմբերի 5-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ընթերցեց ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին դիմումը: Համաձայն ԱԺ կանոնակարգի 13–րդ հոդվածի` հրաժարականի հրապարակումից հետո պատգամավորը 15 օրվա ընթացքում կարող է հետ վերցնել հրաժարականի մասին իր դիմումը, իսկ հետ չվերցնելու դեպքում նրա պատգամավորական լիազորությունները դադարեցվում են:
Բայց այստեղ կա մի բայց. ԶԼՄ-ները երեկվանից տարածում են այն մասին, որ Ռ.Հայրապետյանն այլևս պատգամավոր չէ` հաշվարկելով, որ 15 օրն արդեն սպառվել է, սակայն նույն կանոնակարգը լավ ընթերցելով համոզվում ես, որ պատգամավորը հետ վերցնելու համար դեռ ժամանակ ունի:
Այդպես, ԱԺ կանոնակարգի հոդված 35-ի, 5-րդ կետը սահմանում է. «Օրենքով ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին հերթական նստաշրջանի նիստեր չեն անցկացվում: Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի, հանգստյան օրերը հանվում են սույն օրենքով սահմանված ժամկետների հաշվարկից, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի»: Այլ կերպ ասած, հաշվի առնելով այս ժամանակահատվածում եղած ոչ աշխատանքային, հիշատակի ու նաև տոնական օրերը ` դեռևս պատգամավոր Ռ.Հայրապետյանը դեռ մի քանի օր էլ ժամանակ ունի որոշումը վերանայելու ու դիմումը հետ վերցնելու համար: