Վալոդիկին արյուն է անհրաժեշտ. Արձագանքողները շատ են, մնում է իսկապես հանձնեն
21-ամյա Վալոդիկը, ինչպես նրան ավանում են ճանաչողները, արդեն 11 ամիս է` Նոր Նորքում /3-րդ մասիվ/ գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժում է ստանում: Երիկամների անբավարարություն ունեցող երիտասարդի վիճակը բարելավվելու փոխարեն օր օրի վատանում է: Տղան այսօր դժվարությամբ է քայլում, սայլակով է տեղաշարժվում, շատ թույլ է, սփրթնած, թոքերի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել, ոսկորները սկսել են փտել, հեմոգլոբինը նորմայից շատ ցածր է…
Այսօր առավոտից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բազմաթիվ օգտատերեր առաջին կարգի դրական արյուն ունեցողներին կոչ են անում արյուն հանձնել Վալոդիկի համար: Ակցիայի նախաձեռնողը 24-ամյա Գոհար Մանուշակյանն է: Գոհարն ու ամուսինը հիվանդանոցում գտնվող տղայի հետ ծանոթացել են մոտ կես տարի առաջ: Վալոդիկի մասին իմացել են Գոհարի ընկերուհու մորից, ով բուժվել է նույն կենտրոնում:
Հիվանդանոցում արյուն կա, արյան մի բաժինն արժե 10 հազար դրամ, Վալոդիկին օր ու մեջ մեկ բաժին արյուն է անհրաժեշտ: Մինչ այժմ արյան ապահովման հետ կապված ծախսերը Գոհարն ու ամուսինն են հոգացել, հիմա էլ չեն հասցնում:
«Դրա համար մենք որոշեցինք օգնություն խնդրել: Այսօր շատ զանգեր եմ ստացել, հերթագրվել են: Չեմ կարող ասել, որ բոլորը կգնան, բայց շատ են զանգել: Կան մարդիկ, որ առաջարկում են հաշվեհամար բացել` գումար փոխանցելու համար, սակայն ես նրանց ուղարկում եմ հիվանդանոցի լաբորատորիա, որտեղ կարելի է վճարել արյան համար»,-Panorama.am-ին պատմեց Գոհարը: Նա պատրաստվում է դիմել Կարմիր խաչ միջազգային կազմակերպությանը` տղային արտասահման տեղափոխելու և այնտեղ բուժելու համար:
Գոհարն իմացել է, որ երկու տարեկան հասակում Վալոդիկի կենսաբանական մայրը թողել է ու հեռացել: Ո՞ւր է նա այսօր, գիտի՞ Վալոդիկի վիճակի մասին, թե՞ ոչ: Ոչ Գոհարը, ոչ էլ Վալոդիկը այս հարցերի պատասխանները չգիտեն: Նրանք չգիտեն նաև մահացա՞ծ է, թե՞ ողջ Վալոդիկի հայրը, ով տարիներ առաջ դուրս է եկել տանից, գնացել աշխատանքի ու չի վերադարձել: Այսօր անհետ կորած է համարվում: Վալոդիկը քույր էլ ունի: Նա չորս երեխայի մայր է, Գոհարն ասում է, դժվար թե քույրը որևէ բանով կարողանա օգնել, մի տարվա մեջ որևէ անգամ չի այցելել եղբորը:
Հիվանդանոցի տնօրինությունը, ըստ Գոհարի, Վալոդիկի բուժման համարմ մեծ զիջումների է գնում, երկուշաբթիից ուրբաթ տղան ճաշարանում սնվում է անվճար, դիալեզն իրականացվում է անվճար…
21-ամյա տղան, նրա խոսքով, հիվանդությունը ձեռք է բերել բանակում` «պոստերում մրսել է»: «Մուրացան» զինվորական հոսպիտալում բուժվել է, հետո` զորացրվել:
«Նրան սխալ սնունդ, մրսել, ծանր աշխատանք չէր կարելի: Բայց քանի որ մենակ է ապրել, աշխատել է, ծանր քարեր է կրել, մսրել է, վատ է սնվել, ինչի հետևանքով հիվանդությունը կրկնվել է, հայտնվել է հիվանդանոցում»,-ասաց Գոհարը:
Երիկամի փոխպատվաստումը թանկ ու բարդ հաճույք է: Իսկ մինչ վիրահատությունը պետք է արտասահմանում` Գերմանիայում մի քանի ամիս մաքուր դիալեզ ստանա:
«Երիկամի փոխպատվաստման համար դոնոր գտնելու համար շատ մեծ գումարներ են անհրաժեշտ: Իսկ մայրն ու քույրը, ես ենթադրում եմ, որ չեն համաձայնի դոնոր դառնալ: Ես չգիտեմ էլ` մայրը տեղյա՞կ է, որ իր երեխան մահամերձ է»,-ասաց մեր զրուցակիցը:
Գոհարն ասաց, թե վերջին օրերին ագրեսիվ դարձած Վալոդիկն այժմ մարդկանց ուշադրությունից, առաջարկվող օգնությունից «կարծես հոգևոր սնուցում է ստանում»: Գոհարն ու ամուսինը պատրաստվում են մի քանի օրից կազմակերպել Վալոդիկի մկրտությունը:
Վալոդիկին օգնել ցանկացողները կարող են զանգահարել Գոհար Մանուշակյանին 098 - 131-389 հեռախոսահամարով: