21-ամյա անկախությունը՝ Երևանի բնակիչների գնահատմամբ
21 տարի առաջ իրականացավ հայ ժողովրդի դարավոր երազանքը` ձեռք բերեցինք ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով` ամենից առաջ վերականգնվեց մեր անկախությունը, ձևավորվեց անկախ հանրապետություն:
Թե ի՞նչ տվեց մեզ անկախությունը` Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում, իրենց կարծիքներն են հայտնել Երևանի բնակիչները: Ւհարկե կարծիքները տարբեր են. մեկը հպարտանում է, որ անկախ երկրում է ապրում, մեկը` ոչ այնքան, մյուսն էլ` դժգոհ է: Սակայն անկախ քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելությունից, մասնագիտական կողմնորոշումից, պետք է գնահատենք և կարևորենք մեր ձեռք բերած անկախությունը:
«Հայ ժողովրդի կամքի, համառության, խիզախության և հերոսության գնով մենք ձեռք բերեցինք այդքան երազած անկախությունը: Ես հպարտ եմ, որ ապրում եմ անկախ Հայաստանում, հպարտ եմ, որ Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացի եմ»,- մեզ հետ զրույցում նշեց մասնագիտությամբ պատմաբան Արամ Մկրտչյանը:
«Ես առաջինն էի, որ «ԱՅՈ» էի գոչում, բայց դա ինձ ի՞նչ տվեց: Շատ կորուստներ ունեցա, բայց էլի չէի հուսահատվում, մտածում էի, որ կամաց-կամաց ոտքի կկանգնեմ, բայց այսօր ազատ, անկախ երկրում ոչ աշխատանք ունեմ, ոչ էլ հույս ունեմ, որ կունենամ: Բայց հպարտ եմ, որ անկախ երկրում եմ ապրում: Յուրաքանչյուր ազգի, յուրաքանչյուր երկրի համար դա կարևոր նշանակություն ունի»,- ասաց 57-ամյա Ալբերտ Սարգսյանը:
Ուսուցչուհի Էմմա Առաքելյանն ավելի լավատես է: Նրա համար անկախությունն արդեն իսկ մեծ ձեռքբերում է: «Մեր պապերը երազել են Հայաստանի անկախության մասին և այսօր ունենք այդ անկախությունը: Դժվարություններ բոլորս էլ ունեցել ենք, բայց ամեն ինչ ժամանակի ընթացքուն հաղթահարվում է: Ես շատ ուրախ եմ, որ ապրում եմ անկախ Հայաստանում: Ուղղակի մենք մեր հույսը չպետք է կորցնենք: Վստահ եմ, որ իմ երեխաները ապրելու են հզոր պետությունում»,- նշեց նա:
Թոշակառու Վարդգես Ավետիսյանն էլ նշեց, որ գոհ է իր կյանքից. «Կարևորը երեխաներս կողքիս են, լավ աշխատանք ունեն: Հասկանում եմ, որ շատերը դժգոհ են, հուսահատված են, բայց պետք է չէ հուսահատվել, պետք է հավատալ, որ վաղվա օրն ավելի լավ է լինելու»: Ի տարբերություն Վ.Ավետիսյանի, թոշակառու Հենրիկ Մինասյանի համար անկախությունը միմիայն դժվարություն է բերել: «Այսօր ապրելն էլ ավելի դժվար է դարձել, իսկ Սովետի ժամանակ շատ ավելի լավ էինք ապրում, ոչ թե այսօրվա նման գոյատևում էինք: Այսօր ոչ մի թոշակառու չի կարողանում իր թոշակով ապրել»,- դժգոհեց նա:
Ամերիկաբնակ Հայկ Մինասյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ 1995թ-ից բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: «Շատ լավ եմ ապրում, հիանալի ընտանիք ունեմ, բայց առանց Հայաստանի, առանց իմ Երևանի երջանկությունս կատարյալ չի: Չեք պատկերացնի, թե որքան եմ կարոտում, ամեն անգամ որոշում եմ ամեն ինչ թողնել ու վերադառնալ: Շնորհավորում եմ հայ ժողովրդին անկախության տոնի առթիվ ու ցանկանում եմ, որ բոլորն ապրեն իրենց երազած Հայրենիքում: Վստահ եմ, որ մի օր բոլորս էլ վերադառնալու ենք, այդ օրը հասատատ գալու է: Տոնդ շնորհավոր, իմ անկախ Հայաստան ջաաաան»,- հուզված ասաց Հայկը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա