Մահմուդ Ահմադինեժադը Նյու Յորքում վերջին անգամ ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ այսօր մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանին:
Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Մահմուդ Ահմադինեժադին Նյու Յորք կատարած այցի ընթացքում ուղեկցում են արտաքին գործերի, առողջապահության, քաղաքաշինության և ճանապարհների, գյուղատնտեսության նախարարներն ու նախագահի աշխատակազմի այլ պաշտոնյաներ:
Նկատենք, որ այս տարի Մահմուդ Ահմադինեժադն Իրանի նախագահի պաշտոնում վերջին անգամն է մասնակցում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, քանի որ 2013թ. հունիսին լրանում է նրա պաշտոնավարման երկրորդ շրջանը: