Ստեղծվել է «Դպրոց-կենտրոնների միություն»
Այսօր կայացած կլոր սեղան-քննարկմամբ տրվեց «Դպրոց-կենտորնների միություն» իրավաբանական անձանց միության գործունեության մեկնարկը: Միության նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ միության նպատակն է համակարգել Հայաստանում առկա առաջավոր փորձը, տարածել, ծանոթանալ նաև միջազգային փորձին:
«Նպատակ ունենք ստեղծել այնպիսի դաշտ, որտեղ կարող են մասնագետները բարձրացնել իրենց հուզող հարցերը, փորձել միասին լուծումներ գտնել` միմյանց փորձի փոխանակման միջոցով: Դպրոց-կենտրոնները պետք է դառնան նաև ինովացիոն կենտրոններ, փորձեն զարգացնել կրթական բարեփոխումներին ընդառաջ այն գործընթացը, որն ամրագրված է կրթության զարգացման 2011-2015 թթ. ծրագրում»,- ասաց նա:
Ռ. Մուրադյանը նշեց, որ 2004-2009 թթ. Հայաստանի տարածքը բաժանվել է 52 կրթական գոտիների և ըստ կրթական գոտիների, ընտրվել են 52 դպրոցներ: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ընտրված դպրոցներին հատկացվել է դրամաշնորհներ, որոնց միջոցով բարեկարգվել է ուսուցիչների վերապատրաստումների համար նախատեսված տարածքները, ձեռք է բերվել անհրաժեշտ գույք և սարքավորումներ:
Այդ դպրոցները դարձել են ոչ միայն տվյալ կրթական գոտում ուսուցիչների վերապատրաստման, այլ նաև հանրակրթության ոլորտի փորձարարարական և նորարարական դպրոց-կենտրոններ: ՀԲ ֆինանսավորման ավարտից հետո դպրոց-կենտրոնները շարունակել են գործել իրենց միջոցներով: «Մենք հանդիպեցինք ու որոշեցինք հիմնել միություն: Նախարարությունը նախագիծ ներկայացրեց կառավարություն, որը հաստատվեց ու ստեղծվեց «Դպրոց-կենտորնների միություն» իրավաբանական անձանց միություն»,- ասաց Ռ. Մուրադյանը: Նրա խոսքով, միության աշխատանքների շրջանակն է` մշակել ուսուցչի էթիկայի նորմեր, մշակել դպրոցի զարգացման ծրագիր, կազմակերպել ուսուցիչների մարզային և հանրապետական հավաքներ, սեմինարներ:
Քննարկմանը ներկա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ կրթական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների բարեհաջող ընթացքն ապահովելու համար կարիք ունեն մասնագիտական հանրույթի աջակցության:
«Բազմիցս խոստովանել եմ, որ չկա գրեթե որևէ կրթական նորամուծություն, որի կապակցությամբ մասնագիտական հանրույթի կարծիքը չտրոհվի: Հայաստանում գործող դպրոցների շրջանակներում մասնագիտական միտքը համախմբելու կարիք ունենք, որպեսզի նախարարության համար հեշտ լինի աշխատելը` իր քաղաքականությունը տեղերում կյանքի կոչելու համար»,- ասաց նախարարը:
Ըստ նրա, այս միությունը նախարարությանը դիտարկում է որպես գործընկեր, որին պատրաստ է որոշակի առաքելություն պատվիրակել` հարթակ հանդիսանալու Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները կենտրոնացնելու ու տարածելու համար:
«Այս միությունն իր կարևոր դերակատարությունը կունենա, որպեսզի կարողանանք օբյեկտիվ պատկեր ունենալ տեղի ունեցող գործընթացների մասին, հեշտությամբ կարողանանք տարածել փորձը, նախարարության որոշումները ճիշտ հասնեն հասցեատերերին ու անխափան իրականացվեն»,- ասաց Ա. Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին