Պաշտոնապես` 620 երեխա մանկապիղծ-հոգևորականների զոհ է դարձել
Ավստրալական Վիկտորիա նահանգի կաթոլիկ եկեղեցին հրապարակել է մանկապիղծ-հոգևորականներից տուժած երեխաների թիվը` ի պատասխան նահանգի խորհրդարանի պահանջի:
ինչպես գրում է «Լենտա.ռու»-ն, 1931թ-ից սկսած Վիկտորիա նահանգում սեքսուալ ոտնձգությունների է ենթարկվել 620 երեխա, ընդ որում նշվում է, թե դեպքերի մեծամասնությունը արձանագևվել է 1960-80-ական թվականներին: Եվս 45 դեպքերի նախաքննությունը շարունակվում է մինչ օրս:
Մելբուրնի արքիեպիսկոպոս Դենիս Հարթը այս թվերը որակել է «խայտառակ ու սարսափելի» ու ընդգծել, որ հոգևոր հաստատությունները չպետք է լռեն նման դեպքերի մասին: Նա նաև վստահեցրել է, որ եկեղեցին կանի ամենը, որպեսզի քավի իր մեղքը հոգևորականների զոհերի աչքերում ու կանխի նման դեպքերի կրկնումը:
Սակայն պաշտոնական տվյալներին զուգահեռ առկա է նաև այլ կարծիք` մանկապիղծների դեմ պայքարող կազմակերպությունների ներկայացուցիչները պնդում են, որ հաշվետու ժամանակահատվածում մանկապիղծ-հոգևորականների զոհերի իրական թիվը շուրջ 10 հազար է: Իսկ այն դեպքերը, որոնց մասին հրապարակվում է, տեղի են ունեցել անցյալում և մեծ մասամբ բռնարարին այսօր պատժի ենթարկելը ուղղակի անհնար է:
Վերջին տասնամյակում Կաթոլիկ եկեղեցին մի շարք աղմկահարույց պատմություններով է անցել, որոնց էպիկենտրոնում մանկապիղծ-հոգևորականներն են եղել:
2008թ-ին Ավստրալիա կատարած այցի շրջանակում Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հրապարակավ ներողություն է խնդրել բոլոր հոգևորականների զոհերից: Թեև դրանից երկու տարի անց` 2010թ-ին, հենց Բենեդիկտոսին մեղադրեցին նրանում, որ կարդինալության օրոք ինքը աջակցել և քողարկել է նմանատիպ հանցագործությունները: